Տուգա՞նք, թե՞ ազատազրկում. խորհրդարանը կքննարկի ընտրակեղծարարների դեմ ավելի խիստ պատիժներ նախատեսող օրինագիծը

Տուգա՞նք, թե՞ ազատազրկում. խորհրդարանը կքննարկի ընտրակեղծարարների դեմ ավելի խիստ պատիժներ նախատեսող օրինագիծը

Photo: www.gov.am

Հայաստանում ընտրակեղծարարներին միայն ազատազրկմամբ պատժելու օրենքի նախագիծը, որն իշխող կուսակցության ներկայացուցիչներից շատերի սրտով չէ, այնուամենայնիվ, արժանացել է գործադրի հավանությանը, և նախագծի վերջնական հաստատումը վստահվել է օրենսդրին։

Հինգշաբթի Կառավարության հերթական նիստում քննարկվել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, և թողնել միայն 2-3 տարով ազատազրկման ձևով պատիժը:

Ավելի վաղ Մարուքյանը հայտարարել էր, որ նախագծի մշակման համար հիմք է եղել այն հանգամանքը, որ Հայաստանում անցկացված «բոլոր քվեարկություններից, այդ թվում նաև` վերջին սահմանադրական հանրաքվեից հետո 153-րդ հոդվածով մեղադրվող անձանց նկատմամբ մշտապես պատիժ է նշանակվում 500-600 հազար դրամի (մոտ 1020-1220 դոլար) չափով տուգանք, ինչը համարժեք չէ այլ քաղաքացիների քվեները գողացող և դրանով ժողովրդավարության դեմ ոտնձգող անձանց կատարած հանցանքին»։

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այս հարցն ունի երկու ենթատեքստ՝ իրավական և քաղաքական: Ըստ նախարարի՝ իրավական տեսանկյունից 153-րդ հոդվածի սանկցիան ՔՕ ողջ տրամաբանությանը համահունչ նախատեսում է պատժի անհատականացման սկզբունքին համապատասխան պատիժների հնարավոր այլընտրանքային եղանակներ։

«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ սա նախընտրական տարի է, և կան որոշակի քաղաքական հարցադրումներ այս հարցի հետ կապված, ես խնդրում եմ քննարկում ծավալել և այս միջոցով որոշել օրենսդրական նախաձեռնության նպատակահարմարությունը քաղաքական տեսանկյունից»,- ասել է Հովհաննիսյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշել է, որ ուսումնասիրել է նախագիծը, և մասնագետներն իրենց զեկուցել են, որ, օրինակ` Գերմանիայում, Շվեյցարիայում գործում են և՛ տուգանքը, և՛ ազատազրկումը:

«Բայց քանի որ մենք՝ իշխանություններս, քաղաքական թիմը մեր առջև խնդիր ենք դրել, որպեսզի էապես բարձրացնենք հանրային վստահությունն ընտրությունների նկատմամբ, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մենք տանք համաձայնություն, և նախագծի հարցը որոշի Ազգային ժողովը»,- ասել է վարչապետը:

Սակայն էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ու կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, միևնույնն է` դեմ են նախագծին` այն իրավական տեսանկյունից ճիշտ չհամարելով։ Հարությունյանն առաջարկել է որոշումը թողնել դատարանին, իսկ Մինասյանն էլ առաջարկել է պարզապես խստացնել տուգանքի չափը:

Սակայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը, ում փոխարեն Ավանի 56-րդ մանկապարտեզի տնօրեն Կարինե Ստեփանյանը, լինելով հանձնաժողովի անդամ, ստորագրել ու քվեարկել է, որի համար պատժվել է 500 հազար դրամ (մոտ 1020 դոլար) տուգանքով, կարծում է, որ նման հեշտությամբ չի կարող ընթանալ այդ պրոցեսը, քանի որ այն ենթադրում է հանցանք ՀՀ-ի նկատմամբ։

«Իմ դեպքում նույնիսկ ես չէի ճանաչվել տուժող, այլ՝ ՀՀ-ն, սա, ըստ էության, հանցանք է ժողովրդավարության նկատմամբ, ուստի ընտրակեղծարարության համար պատիժն էլ պետք է համաչափ լինի,- «ԱրմենիաՆաուին» ասում է Թանդիլյանը՝ հավելելով, որ նախորդ բոլոր դատավարությունները արագացված ընթացակարգով են անցկացվել, մարդիկ շատ արագ ընդունում էին մեղքը, որոշվում էր 500 հազար դրամի տուգանքը, ու գործը փակվում էր: - Սակայն երբ մարդ գիտակցի, որ դրա համար ազատազրկվելու է, ապա այդքան հեշտությամբ նման քայլի չի գնա»։