Ազգային փոքրամասնություններից պատգամավորության թեկնածու ունենալու պահանջը միանշանակ չի ընդունվում

Ազգային փոքրամասնություններից պատգամավորության թեկնածու ունենալու պահանջը միանշանակ չի ընդունվում

Ֆոտոլուր

Նոր Ընտրական օրենսգրքով Հայաստանում առավել մեծ համայնք ունեցող չորս ազգային փոքրամասնությունները պարտադիր պետք է ընդգրկված լինեն կուսակցությունների ու դաշինքների համապետական ցուցակների երկրորդ մասում` ունենալով թեկնածուներ։

Կուսակցությունները պետք է համապետական ընտրացուցակների առաջին մասում ընդգրկեն առնվազն 80, առավելագույնը՝ 300 թեկնածու, երկրորդ մասում՝ ներկայացուցիչներ ունենան չորս ազգային փոքրամասնություններից, որոնք նախորդ մարդահամարի տվյալներով՝ առավել մեծ մշտական բնակչությունն են ունեցել։

Հայաստանում անցկացված վերջին մարդահամարի տվյալներով՝ 4 ամենամեծ ազգային փոքրամասնություններն են` եզդիները (35.308 մարդ), ռուսները (11.911 մարդ), ասորիները (2769 մարդ) և քրդերը (2162 մարդ):

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշել է, որ կարևոր է, որ հարցը մտել է օրակարգ, սակայն խնդիրն այն է, թե կուսակցություններն ինչպե՛ս են ազգային փոքրամասնության ներկայացուցչին ընտրելու:

«Մի շարք խնդիրներ կան, որոնք օրենսգրքում չկան: Վստահ եմ, որ այդ բացի պատճառով առաջիկայում ևս կունենանք բազմաթիվ խնդիրներ: ԸՕ նախագծից այնպիսի տպավորություն ունեմ, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը, որին պետք է ընտրի կուսակցությունը, ուղղակի ֆիզիկական անձ կարող է լինել: Դա չեղավ, որ ազգային փոքրամասնությունն է ներկայացված, դա եղավ, որ ուղղակի անձ է ներկայացված, որը միշտ չէ, որ կարող է ներկայացնել փոքրամասնության շահերն ու խնդիրները»,- ասել է ազգագրագետը:

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները համոզված են, որ իրենց շահերից չի բխում ընդդիմության ցուցակներում հայտնվելը:

«Մենք տեսնում ենք, որ Հանրապետական կուսակցությունը այս երկրում հիմնական իշխող ուժն է, և կարծում եմ, որ ընդդիմադիր կուսակցություններում եզդի պատգամավորի թեկնածու ընդգրկելը չի բխում եզդիական համայնքի շահերից:

Ազգային փոքրամասնությունները պետք է լինեն իշխանամետ, մեր բոլոր հարցերը լուծվում են իշխանությունների հետ»,- ասել է «Երիտասարդ եզդիներ» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանը:

Ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոևի դիտարկմամբ էլ` ԱԺ-ում ներկայացուցիչ ունենալը արդյունավետ է, սակայն խնդիրն այլ տեղ է. «Այս կուսակցական խմբերում ազգային փոքրամասնությունները այսօրվա դրությամբ կողմնորոշվելու բան ունեն: Որտե՞ղ են գրանցվելու: Օրինակ՝ մենք շատ լավ գիտենք, որ ընդդիմության ցուցակներում, եթե ազգային փոքրամասնություններ հայտնվեն, դա հարյուր տոկոսանոց «պռավալ» է»:

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները նշել են՝ «ընդդիմությունից փախչելու են` ինչպես ժանտախտից»: Սակայն խնդիր է առաջանալու ընդդիմադիր կուսակցությունների համար, ովքեր պարտավոր են լինելու կուսակցական ցուցակներում ապահովել ազգային փոքրամասնությունների թեկնածուների ներկայությունը:

Ընտրական օրենսգրքի նախագծում հստակ չէ՝ ինչ է սպառնում այն ուժերին, որոնք չեն կարողանա թեկնածուներ առաջադրել ազգային փոքրամասնություններից: Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դիտարկմամբ՝ քաղաքական ուժի հեղինակությունից կախված կլինի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց ցուցակներում ընդգրկելը:

«Այսինքն` բոլոր ազգային փոքրամասնությունները իշխանամե՞տ են»,- հարց է բարձրացրել Բաղդասարյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով էլ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է և առավելագույնը 2-2,5% ազգային փոքրամասնություն կա:

«ԲՀԿ-ն և ինքս անձամբ` միանշանակ կողմ ենք, որ նրանք անպայման ներկայացված լինեն ԱԺ-ում, սակայն այդպես պարտադիր նորմ սահմանել, որ բոլոր փոքրամասնությունների ներկայացուցիչները պետք է լինեն, դա ընդդիմադիր շատ ուժերի համար կարող է խնդրահարույց լինել, քանի որ սկսվելու է ազգային փոքրամասնությունների որս, ինչն անընդունելի է»,- ասել է նա:

Անհասկանալի է նաև, թե ինչպես է որոշվելու թեկնածուների ազգային պատկանելությունը: Ազգագրագետ Խառատյանը նշում է, որ անձնագիր ստանալիս ազգության դիմաց գրում են հայ` առանց հարցում անելու, թե տվյալ մարդն ինչ ազգություն ունի։

«Գուցե նրա ծնողներից մեկը ա՞յլ ազգության ներկայացուցիչ է, և մարդն ընտրում է հենց այդ այլ ազգությունը: Բարեբախտաբար, դեռ ժամանակ կա, և եթե բարձրացված հարցերը ներկայացվեն նախագծում, գուցե հնարավոր է առկա խնդիրներին լուծում տալ»,- ասել է նա:

Վահրամ Բաղդասարյանը ազգությունը պարզելու հարցում խնդիր չի տեսել. «Տվյալ հանձնաժողովը հարցում է կատարում համապատասխան մարմիններին, և նրա իսկությունը տալիս են: Երբ որ ներկայացնում են թեկնածուին, պատկան մարմինները պետք է տեղեկանքներ տան»: