Ընտրարշավ. շահում են սրտերն ու «տանիք» են ապահովում

Պաշտոնապես քարոզարշավը Հայաստանում մեկնարկեց ապրիլի 8-ին, սակայն բոլորը գիտեն, որ իրականում դա սկսվել է շատ ավելի վաղ:

Այժմ, երբ այն լրիվ ընթացքի մեջ է, ընտրողների քննարկման թեման գրեթե նույնն է և վերաբերում է ոչ թե թեկնածուների քաղաքական ծրագրերին, այլ «անպարկեշտ» առաջարկներին. ո±ր թեկնածուն որտեղ ի±նչ տվեց, ի±նչ խոստացավ, որքա±ն օգնություն բաժանեց բնամթերքի կամ սննդամթերքի տեսքով:

«Ծեծում են դռներն ու անձնագրերի տվյալները հավաքում: Գիտեմ, որ նույնիսկ մարդկանց սկսել են ՀՀԿ անդամատոմսեր բաժանել, որովհետև բնակիչներից նաև լուսանկարներ են պահանջել»,- պաշտոնական քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ առաջ ասաց Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ 52-ամյա Սամվել Գասպարյանը:

Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանն ասում է, որ մարտի 20-ին ահազանգեր են ստացվել նաև «Փեթակ» տոնավաճառի աշխատողներից. «Փեթակի» տնօրենը պահանջել է վաճառողների անձնագրերը` սպառնալով, որ հակառակ դեպքում կզրկի վաճառատեղից: Անձնագրեր հավաքելու ակտիվ գործընթացը շարունակվել է Երևանի Էրեբունի, Արաբկիր և Կենտրոն համայնքներում: Դեռևս փետրվարին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ Կենտրոն համայնքում ՀՀԿ-ը 30 հազար դրամ է վճարում թաղային լիազորներին, ովքեր մտնում են տներն ու հավաքում բնակիչների անձնագրերը:

Մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Տիգրան Թորոսյանը նշեց, որ ՀՀԿ-ը «որևէ մեկին ցուցում չի տվել անձնագրեր հավաքելու կամ նման այլ քայլեր անելու»:

Սակայն Թորոսյանը երաշխիքներ չի տվել, որ ընտրությունների ժամանակ խախտումներ չեն լինի. «ՀՀԿ-ն ունի մի քանի տասնյակ հազար անդամ, և ո՞վ կհայտարարի, թե կարող է վերահսկել այդ մի քանի տասնյակ հազար անդամներից յուրաքանչյուրի գործողությունները: Կարծում եմ` ո°չ ոք»,- ասել է Թորոսյանը: «Ովքեր հավաքում են մարդկանց անձնագրերը« պետք է իմանան, որ խախտում են «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքը,- ասում է Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը և զգուշացնում, որ քաղաքացիները պարտավոր չեն իրենց անձնագրերը տալ որևէ մեկին, ով էլ ներկայանա ու ինչ էլ դրա դիմաց խոստանա: Հովհաննիսյանը նաև տեղեկացնում է, որ քաղաքացիներն ազատ են ընտրություն կատարելիս: Չկա այնպիսի մեխանիզմ, որով կարող են ստուգել, թե ով ինչպես քվեարկեց. դա է ժողովրդի հիմնական ազատությունը:

ՀՀ ընտրական օրենսգրքի 18 հոդվածի համաձայն` նախընտրական քարոզչությունը սկսվում է թեկնածուների և կուսակցությունների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրը և վերջանում քվեարկությունից մեկ օր առաջ: Նախընտրական քարոզչության ժամանակ արգելվում է թեկնածուներին (կուսակցություններին) անձամբ կամ որևէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություն:

Սակայն այլ է հայաստանյան իրականությունը: Էջմիածնից 38-ամյա Անահիտ Մարգարյանին խոստացել են բանակում ծառայող որդուն մի քանի օրով արձակուրդ տալ, եթե ընտանիքով քվեարկեն թիվ 19 ընտրատարածքում առաջադրված թեկնածու գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանի օգտին: Մարգարյանի շենքի բնակիչներին խոստացել են նորոգել հին տանիքը:

Ընդդիմության ներկայացուցիչ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ այստեղ սխալ է մեղադրել հասարակությանը. սա այն նույն հասարակությունն է, որ քաղաքացիական սխրանքներ է նաև գործել: Պարզապես իշխանությունների ու քաղաքական վերնախավի որակի խնդիրը հանգեցրել է հասարակության որոշակի դեգրադացիայի:

«Կուսակցությունների և բարեգործության մասին ՀՀ օրենքները սահման են դնում բարեգործության և քաղաքական գործունեության միջև: Կուսակցությունները բարեգործությամբ զբաղվելու իրավունք չունեն: Դա կդիտվի հասարակությանը կաշառելու, նրա քվեն գնելու միջոց: Բարեգործական կազմակերպություններն իրավունք չունեն քաղաքական նպատակներ հետապնդելու»,- ասում է նա:

Նախընտրական քարոզչությունն են վկայում նաև քաղաքի տարբեր մասերում փակցված ԲՀԿ և ՀՀԿ մեծադիր վահանակները, ամենուր բացված կուսակցությունների աչք ծակող ցուցանակներով գրասենյակները:

Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանն ասում է, որ քարոզարշավը սկսվել է ապրիլի 8-ին նախատեսված պաշտոնական մեկնարկից շատ ավելի շուտ:

«Նախընտրական քարոզչությանը վերաբերող բացերը պետք է լրացներ Ընտրական օրենսգիրքը, մինչդեռ դա չարվեց: Բնականաբար, սա լուրջ բաց է, և այն միտումնավոր է արված»,- ասում է Քոչարյանը:

Ըստ Ընտրական օրենսգրքի` նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուն իրավունք ունի ծախuելու նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկը չգերազանցող գումար, այսինքն` 5 մլն դրամ (մոտ 13800 դոլար), իuկ կուuակցությունը` նվազագույն աշխատավարձի 60000-ապատիկը չգերազանցող գումար` 60 մլն դրամ (մոտ 167000 դոլար):

Սուրենյանցն ասում է, որ ընդդիմադիր կուսակցությունները այդ առումով բարդ խնդրի առջև են կանգնած:

«Եթե դրան գումարենք հեռուստատեսությամբ քաղաքական գովազդի բարձր սակագները, օլիգարխիկ կուսակցությունների առկայությունը, խոսք անգամ չի կարող լինել մեկնարկային հավասար պայմանների մասին»- ասում է նա:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության (ԺՈՒԿ) նախագահ Մանուկ Գասպարյանը նշում է, որ քարոզարշավի համար ընկերներից, ծանոթներից ու բարեկամներից հավաքել են 12 միլիոն դրամ:

Այն մասին, թե ինչ արժե նախընտրական արշավը Հայաստանում, լռում են թե փիար մասնագետները և թե քաղաքական գործիչները: Ոչ պաշտոնական տվյալներով` ընդդիմադիր կուսակցությունները նախընտրական քարոզարշավի վրա ծախսում են 300-500 հազար դոլար, որից 15-20000 դոլարը` վահանակների, բուկլետների, հեռուստատեսային քաղաքական տեսահոլովակների վրա: Իշխող կամ իշխանամետ կուսակցությունները ծախսում են 10 անգամ ավելի:

«Միշտ լսել եմ, որ մեծամասնականի համար հարյուր հազարավոր դոլարներ են ծախսում: Բայց ես 1000 դոլարից ավելի երբեք չեմ ծախսել ու միշտ էլ մեծամասնականով ընտրվել եմ: Դրա համար մենք մտնում ենք մրցակցության ոչ թե փողի դաշտում, որի դեպքում ակնհայտորեն կպարտվենք, այլ ծրագրերի ու գաղափարների դաշտում»,- ասում է Քոչարյանը:

Փիար ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը նշում է, որ փիար տեխնոլոգիաներ մատուցող յուրաքանչյուր կազմակերպություն իրավասու է գնային իր քաղաքականությունը վարել: Բյուջեն հիմնականում երկու մասի է բաժանվում. հոնորարային մասը տրվում է խորհրդատվական ծառայությունների ու ստեղծագործական աշխատանքի, իսկ մյուսը մասը` դրանց իրագործման համար:

Փիար գործակալության համակարգող Քրիստինե Հովհաննիսյանն ասում է, որ իրենց դիմող թեկնածուներից շատերն են խոստովանում, որ նյութական ռեսուրսների խնդիր կա հենց մեծամասնական թեկնածուների մոտ: Իսկ, առհասարակ, գները տարբեր են` կախված մատուցվող ծառայություններից:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը նշում է, որ 2007 թվականի ԱԺ ընտրությունների համար կծախսվի 875.550.000 դրամ (մոտ 2,4 միլիոն դոլար), մինչդեռ 2003-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ծախսվել էր 250.450.000 դրամ (մոտ 696000 դոլար):