Դիտորդներ. «Մեզ հետաքրքրում է գործընթացը»

12 տարի Հայաստանն ընտրությունների ընթացքում արտասահմանցի դիտորդներ է ընդունում: Եվ 12 տարի այդ դիտորդները գրեթե նույն զեկույցն են ներկայացնում. «… չեն համապատասխանում միջազգային չափանիշներին», «…ազատ են, բայց ոչ թափանցիկ»:

Մայիսի 12-ի ընտրություններին ներկա կլինեն մի քանի հարյուր նման դիտորդներ 25 երկրներից: Նրանց կմիանան նաև 4500 հայաստանցի դիտորդներ:

Քանի որ «ազատ ու արդար» արտահայտությունը դարձել է «Որոշում-2007»-ի նշանաբանը, հանրապետությունում լիահույս են, որ հատուկ վերապատրաստում անցած դիտորդների այս խումբը անկախացումից հետո առաջին անգամ Հայաստանին բավարար գնահատական նշանակելու հիմքեր կունենա:

Չնայած դիտորդական առաքելությունները պատժամիջոցներ չեն կիրառում, ամբողջ հույսն այն է, որ այսօր Հայաստանն ավելի վճռականորեն է տրամադրված վաստակելու միջազգային հանրության հարգանքը` արդար ընտրություններ անցկացնելով:

Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը նշել է, որ մայիսին կայանալիք ընտրություններն առանձնակի կարևորություն ունեն: «Կուսակցությունների վարկանիշը երկրորդական է, այսօր առաջնայինն ազատ, ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է»:

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) սահմանել է դիտորդների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև նրանց գործունեության շրջանակները: Ըստ այդ կանոնների` դիտորդական առաքելությունը պետք է հավաքի տեղեկություններ ընտրական գործընթացի մասին, ինչպիսին են ընտրական տեղամասերի բացումը և փակումը, քվեարկությունը, քվեների հաշվարկը և պատրաստի անկախ ու անաչառ զեկույց:

Դիտորդները չեն կարող միջամտել ընտրությունների ընթացքին կամ ընտրական հանձնաժողովների աշխատանքին: Նրանք իրավունք չունեն նաև շփվելու ընտրողների հետ:

Դիտորդները պետք է գրանցվեն ԿԸՀ-ում ընտրությունների օրից ոչ ուշ, քան 10 օր առաջ: Արտասահմանից ժամանած դիտորդներից բացի (որոնց հրավիրում են Հայաստանի պետական մարմինները), դիտորդներ կարող են ընտրվել նաև ժողովրդավարության զարգացմանը նպաստող և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական կազմակերպություններից: Դիտոդների ծախսերը հոգում են ուղարկող կազմակերպությունները` ներառյալ աշխատավարձն ու օրապահիկը: Իր կողմից, Հայաստանի կառավարությունը պարտավորվում է ապահովել դիտորդների անվտանգությունը:

ԿԸՀ-ը առայժմ գրանցել է ութ տեղական և չորս արտասահմանյան կազմակերպություններ, որոնք մոնիթորինգ կանցկացնեն մայիսի 12-ին:

«Միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացումը պետք է նախևառաջ Հայաստանին, և դա ավելի կարևոր է, քան մի քանի միլիոն դոլարը»:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյան

Ամենամեծ թվով միջազգային դիտորդներ` 300-ից ավելի, կապահովի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), որը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ընտրությունները վերահսկող մարմինն է: Այդ առաքելությունը կմիավորի իր ջանքերը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կարճաժամկետ դիտորդների ջանքերի հետ: Մայիսին կայանալիք ընտրությունները վեցերորդն են, որ ԺՀՄԻԳ-ի դիտորդները վերահսկում են Հայաստանում:

ԺՀՄԻԳ-ի Ընտրությունների դիտարկման առաքելության (ԸԴԱ) հիմնական խմբի 13 փորձագետներ, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ անդամ 12 երկրներ, այժմ գտնվում են Երևանում: Նրանց կմիանան 29 երկարաժամկետ և 300 կարճաժամկետ դիտորդներ:

Եթե հիմնական խմբի անդամները պրոֆեսիոնալներ են, որոնց ներգրավում է ԺՀՄԻԳ-ի Վարշավայում տեղակայված գրասենյակը, երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներին ապահովում են ԵԱՀԿ 55 անդամ երկրները:

ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավար դեսպան Բորիս Ֆրլեցն ասում է, որ Հայաստանի վերջերս բարեփոխված ընտրական օրենսգիրքը ժողովրդավարական ընտրությունների հնարավորություն է ընձեռում, սակայն իշխանությունների առջև ծառացած մարտահրավերը դրանց օրինական անցկացումն է, որպեսզի այս և գալիք ընտրություններն անցկացվեն ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորություններին համապատասխան:

«Հայաստանը ժողովրդավարական և արդար ընտրություններ անցկացնելու շատ լավ հնարավորություն ունի, և ես կուզենայի հատկապես շեշտել, որ մենք շահագրգռված ենք դիտարկելու հենց այդպիսի ընտրություններ: Դրանից մեր աշխատանքը կդառնա շատ հեշտ ու շատ կարճ: Մեզ չեն հետաքրքրում արդյունքները` ով կհաղթի, իսկ ով` ոչ: Մեզ հետաքրքրում է ընտրությունների ընթացքը»:

Դիտորդական խմբեր կուղարկի նաև Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գործադիր կոմիտեն, որը կապահովի 150 դիտորդներ նախկին խորհրդային 12 հանրապետություններից, ինչը նախորդ տարիների համեմատությամբ ռեկորդային ցուցանիշ է: Եվս 30 դիտորդ կուղարկի ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովը:

«Եթե Հայաստանում կայանալիք ընտրությունները չհամապատասխանեն միջազգային չափանիշներին, ապա հանրապետության մասնակցությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին կվերանայվի»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրի

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կներկայացնի հոլանդացի սենատոր Լեո Պլատվոյետի գլխավորած 41 կարճաժամկետ դիտորդների խումբը: Այժմ Երևանում է գտնվում վեց փորձագետներից կազմված մեկ այլ առաքելություն` գալիք ընտրությունների նախօրյակին քաղաքական մթնոլորտը գնահատելու նպատակով:

Տեղացի դիտորդների թիվը կանցնի 4500-ից:

Տեղական կազմակերպություններից ամենաշատ դիտորդներ ունի «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը` 3000, իսկ ամենաքիչը` «Ընտրական համակարգի կենտրոն» ՀԿ-ը` 10 դիտորդ:

«Ընտրությունը քոնն է» կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանն ասում է, որ իրենց դիտորդների թվում կան սփյուռքահայեր և Հայաստանում սովորող ութ արտասահմանցի ուսանողներ:

Կազմակերպությունը կոչ է արել քաղաքացիներին դիտորդ դառնալու. «Ի՞նչ կարող է անել քաղաքացին, որ օգնի մայիսին կայանալիք ընտրությունների ազատ ու արդար անցկացմանը: Գործել, դառնալ ընտրությունների դիտորդ»: ՀԿ-ը դիտորդներին ընտրությունների օրը վճարում է 2000 դրամ (մոտ 5,5 դոլար)` ճանապարհածախս և նախաճաշ:

«Երբեմն մարդիկ բողոքում են դիտորդներից` ասելով, թե ընտրությունների ժամանակ ակնհայտ խախտումներ են եղել, իսկ դիտորդները ոչինչ չեն արել: Սակայն որոշ մարդիկ պարզապես շփոթում են դիտորդներին վստահված անձանց հետ ու նաև նրանց պարտականությունները»,- ասում է Համբարձումյանը:

Նա նաև ասում է, որ դիտորդներին խնդրել են չխոսել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

«Եղել են դեպքեր, երբ դիտորդներից հարցազրույց են վերցրել առավոտյան, երբ ընտրությունները դեռ նոր են սկսվել, և նրանք ասել են լրագրողներին, որ առայժմ ընտրակեղծիքներ չեն գրանցվել: Իսկ նրանց խոսքը հաղորդել են երեկոյան, երբ արդեն մեծաթիվ խախտումներ են գրանցվել»:

Առաջին անգամ Հայաստանում դիտորդների շարքում կլինեն հաշմանդամներ: Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց աջակցող «Ունիսոն» ՀԿ-ը ընտրություններին կուղարկի 18 հոգանոց դիտորդական խումբ, որոնցից 7-ը հաշմանդամ են:

Ընտրությունների օրվա մոտենալու հետ հաճախանում են արդար ու ազնիվ լինելու կոչերը: Որոշ փորձագետներ նույնիսկ ասում են, թե մայիսի 12-ը ամենակարևոր ընտրությունն է նորանկախ Հայաստանի 15-ամյա պատմության մեջ: