Խորհրդարանական ինստիտուտը. ի վերջո, ինչի՞ համար են այս ընտրությունները

Պառլամենտարիզմը Հայաստանում նոր երևույթ չէ, սակայն դրա ավանդույթները դեռ գտնվում են կայացման փուլում: Մայիսի 12-ին կայանալիք ընտրությունները, անշուշտ, նոր էջ կգրանցեն Հայաստանի ժողովրդավարության կայացման պատմության գրքում:

Խորհրդարանական մինի-փաստեր

* Սովորաբար օրենքները և Ազգային ժողովի որոշումները ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

* Ազգային ժողովն ունի մշտական հանձնաժողովներ, որոնք ստեղծվում են օրենքի նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու համար: ԱԺ-ում կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ այլ հարցերի քննարկման համար:

* Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պատգամավորներին և կառավարությանը:

* Ազգային ժողովը կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն, վերահսկողություն իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ:

* Ազգային ժողովը վավերացնում կամ չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:

* Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ անվստահություն է հայտնում կառավարությանը, ինչպես նաև կարող է սկիզբ դնել Հանրապետության նախագահի պաշտոնանկության գործընթացին:

Նորագույն պատմության մեջ պառլամենտարիզմի զարգացումը Հայաստանում սկսվել է 1918 թվականին, երբ կարճատև ժամանակաշրջանում երկիրն անկախ էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Առաջին հանրապետության խորհրդարանը ներկայացուցչական էր, բազմակուսակցական և նույնիսկ ուներ ընդդիմություն և կին պատգամավորներ (այն դեպքում, երբ ժամանակակից արևմտյան ժողովրդավարական պետությունների մեծ մասում կանայք դեռ պայքարում էին ընտրելու իրավունքի համար): Իր գոյության ընթացքում այդ խորհրդարանը ընդունել է ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող 300-ից ավելի օրենքներ:

Պառլամենտարիզմը որոշ չափով նաև պահպանվել է Խորհրդային Հայաստանում, սակայն միակուսակցական պայմաններում, երբ բացակայում էր բազմակարծությունը, Խորհրդային Հայաստանի խորհրդարանից ԽՍՀՄ Գերագույն խորհրդում ընտրված պատգամավորների դերը միայն կենտրոնական կոմունիստական իշխանությունից իջեցված օրենքների ձևական ընդունումն էր:

Օրենսդիր մարմնի դերը էապես բարձրացավ անկախացումից հետո:

1995 թվականին ընդունված Սահմանադրությունը ամբողջացրեց Հայաստանում պառլամենտարիզմի ձևավորման փուլը: 2005 թ. անցկացված հանրաքվեով Սահմանադրության մեջ մտցվեցին Ազգային ժողովին վերաբերող որոշ փոփոխություններ: Վերջին շրջանում բարեփոխությունների է ենթարկվել նաև Ընտրական օրենսգիրքը:

Ակնկալվում է, որ սահմանադրական փոփոխությունների իրականացմանը զուգահեռ խորհրդարանի դերը կմեծանա: Առաջին անգամ խորհրդարանը կընտրվի հինգ տարի ժամկետով, և խորհրդարանի մեծամասնությունը ավելի մեծ դեր կստանձնի կառավարության ձևավորման գործում:

Սակայն պառլամենտարիզմի երկարատև ավանդույթների պակասը և երկրում 15 տարվա ընթացքում ձևավորված նախագահական կառավարման ձևի առկայությունը չէին կարող չազդել պատգամավորների և նրանց աշխատանքի վերաբերյալ հասարակական ընկալումների ձևավորման վրա:

2006 թվականին Հետազոտությունների կովկասյանի կենտրոնի անցկացրած հետազոտությունը վկայում է, մասնավորապես, որ հայերը համեմատաբար ավելի շատ են վստահում նախագահին, քան խորհրդարանին:

Վերջերս Գելափի ինստիտուտի անցկացրած մեկ այլ հետազոտություն պարզել է, որ ըստ հայերի ընկալումների` «մարդկանց մասին հոգալը» մեծ տեղ է զբաղեցնում պատգամավորության թեկնածուներից ակնկալիքներում, ինչպես նաև «ազնիվ և օբյեկտիվ լինելը» և «ժողովրդավարի աշխարհայացք ունենալը»: Հարցմանը մասնակցած 1200 քաղաքացիներից միայն 6 տոկոսին են հետաքրքրում խորհրդարանականի մասնագիտական ունակությունները:

Նման հարցումները վկայում են, որ պատգամավորների առջև պահանջներ դնելով` շատերը հստակ չեն պատկերացնում, թե որո՞նք են պատգամավորի գործառույթները և լիազորությունները:

Ըստ դասական սահմանման` խորհրդարանականի հիմնական գործառույթն ընտրողներին ներկայացնելն ու օրենքներ ընդունելն է:

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի» (նախկին պատգամավորների հասարակական կազմակերպություն) նախագահ Ռուբեն Թորոսյանն ասում է, որ հայ պառլամենտարիզմը ձևավորվել է 1990-1995 թվականներին, բայց ավելացնում է, որ դրանից հետո այն նահանջ է ապրել:

«Ո՞վ էր այն ժամանակ տեսել, որ մեկը մյուսի փոխարեն քվեարկեր»,- ասում է Թորոսյանը, որն 90-ականների սկզբին Գերագույն խորհրդի պատգամավոր էր և իր անմիջական մասնակցությունը բերեց Հայաստանում հետխորհրդային օրենսդիր մարմնի ստեղծման գործում:

«Այն, ինչ մենք կարողացանք ստեղծել, հետագայում չամրապնդվեց»,- ասում է նա:

Ըստ Թորոսյանի` այսօր ունենք գործադիր և օրենսդիր մարմինների ավելի մեծ սերտաճում, քան եղել է նախկինում, և այս հանգամանքն էլ շփոթեցնում է հասարակությանը:

«Ազատ և արդար ընտրությունների անցկացումը պետք է գերակայություն լինի յուրաքանչյուրիս համար»:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Թեկնածուների նախընտրական խոստումները ասֆալտապատման, բակերի բարեկարգման և կոմունալ ծառայությունների բարելավման մասին, ինչն առաջին հերթին տեղական և քաղաքային իշխանությունների գործն է, ինչպես նաև միապալատ խորհրդարանում համամասնական և մեծամասնական ընտրակարգերով ընտրված պատգամավորներն ավելի են մեծացնում այդ խառնաշփոթը:

«Արդյունքում շարքային ընտրողը հաճախ պատգամավորներին է վերագրում գործադիրի գործառույթները»,- ասում է Թորոսյանը:

Առաջին անգամ 131-հոգանոց Ազգային ժողովում մեծամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորների թիվը կկրճատվի` 75-ից հասնելով 41-ին, իսկ կուսակցությունների ներկայությունը կընդլայնվի` 56-ից հասնելով 90 համամասնական ցուցակներով ընտրված պատգամավորի:

Այս փոփոխությունը դիտվում է իբրև 2005 թ. Ընտրական օրենսգրքում կատարված ամենակարևոր բարեփոխումներից մեկը, որը խթան կհանդիսանա երկրում քաղաքական պլատֆորմների պայքարի ձևավորմանը:

«Մենք անհաջողության ենք մատնվել նախորդ ընտրություններում և այլևս նահանջի տեղ չունենք»:

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյան

«Համամասնական ընտրակարգի առավելությունն այն է, որ այն ավելի լավ ներկայացուցչություն է ապահովում, կուսակցությունների համար ավելի հեշտ է ընտրարշավ կազմակերպել, ավելի քիչ ծախս է պահանջում, և մեր պայմաններում այս ընտրակարգը նաև դյուրացնում է ընտրությունների ընթացքի և քվեների հաշվարկի վերահսկողությունը: Ահա թե ինչու են ընդդիմադիր կուսակցությունները ձգտում ամբողջությամբ համամասնական ընտրակարգի»,- ասում է քաղաքագետ և վերլուծաբան Դավիթ Պետրոսյանը:

Ըստ ՀՀ Սահմանադրության` պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին հինգ տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Սահմանադրությամբ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Սահմանադրությամբ պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, նա առաջնորդվում է իր խղճով ու համոզմունքներով:

«Ես ամեն ջանք գործադրելու եմ, որպեսզի ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ»:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյան

Պատգամավորի արտոնություններից մեկն էլ այսպես կոչված պատգամավորական անձեռնմխելիությունն է, որը նշանակում է, որ նրան չի կարելի կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելª առանց Ազգային ժողովի համաձայնության:

Այս դրույթը տարաձայնությունների տեղիք է տվել, քանի որ, ոմանց կարծիքով, դա խորհրդարանը դարձնում է ապաստան ենթադրյալ քրեական կապեր ունեցող օլիգարխների և գործարարների համար:

Վերջերս տված հարցազրույցում Էջմիածին քաղաքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, պաշտոնաթող գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանը նշել է, որ պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելը կլինի իր առաջնահերթ նպատակներից մեկը, եթե իրեն հաջողվի ընտրվել խորհրդարանում: «Այն ժամանակ կտեսնենք` այդքան մեծ թվով մարդիկ կուզենա՞ն մտնել խորհրդարան, թե՞ ոչ»,- ասել է նա «Ազատություն» ռադիոկայանին: