Գյումրի. խոստումների կատարման սպասումով

Մարտի 21-ին Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր մոտ 300 գյումրեցիներով, որոնք ոգևորված ողջունում էին Հանրապետական կուսակցության առաջատար անդամների, այդ թվում` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթները:

Նրանք հայտարարեցին, որ սեփական միջոցներով ձեռք բերած հինգ տուն են նվիրում 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին:

«Շատ ապրի մեր թագավոր քաղաքապետը»,- բացականչեց միջոցառմանը ներկա կանանցից մեկը:

Մատչելի բնակարանների պակասը, որը շարունակում է մնալ տարերային աղետի հետևանքով օթևանից զրկված շատ գյումրեցիների հիմնական խնդիրը, ստիպում է շատերին մշտական բնակություն հաստատել ժամանակավոր կացարաններում: Քաղաքային ու մարզային իշխանությունների վիճակագրությամբ` երկրաշարժից 18 տարի անց նրանց թիվը հասնում է 3-5000-ի:

Եվ չնայած նախընտրական շրջանում քաղաքական գործիչների մի քանի մեծապես գովազդված բարեգործական նվիրատվություններին, Գյումրու բնակարանային լուրջ պրոբլեմին քաղաքական դաշտում անդրադարձ չի եղել:

Օրինակ` Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող մի քանի հանրակացարաններում բնակություն են հաստատել հարյուրավոր մարդիկ: Հանրակացարանները, որոնք բաղկացած են տեքստիլ ֆաբրիկայի հին հանրակացարանի շենքից և երկրաշարժից հետո օգնության եկած ռուսաստանցի շինարարների կառուցած ժամանակավոր տնակներից, պատկանում են մասնավոր ընկերությունների: Մարդիկ ապրում են այնտեղ տարիներ շարունակ, իսկ ոմանք նույնիսկ փող են ծախսում և նորոգում այդ կացարանները: Սակայն վերջերս ընկերությունները հարկադրված են եղել աճուրդի հանել այդ շինությունները, որպեսզի ծածկեն հարկերի գծով կուտակված պարտքերը: Այդ ամենի հետևանքով շատ ընտանիքներ կհայտնվեն փողոցում:

Անցյալ աշնանը ծանոթանալով խնդրին` այն ժամանակ դեռ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ շինությունների վաճառքն անօրինական է, և խոստացավ գյումրեցիներին լուծել խնդիրը: Սակայն նրա խոստումները ոչ մի հետևանք չունեցան, իսկ շինություններն այսօր հերթով վաճառվում են:

Եվ հիմա գյումրեցիները հարցնում են իրենք իրենց. արժե՞ քվեարկել հօգուտ այն քաղաքական գործիչների, որոնք ոչինչ չեն անում բնակարանային պրոբլեմը լուծելու համար կամ էլ ընդամենը նախընտրական քարոզարշավի թեժ շրջանում լավ գովազդված մեկ-երկու բարեգործական ակցիա են անում:

Մայիսի 12-ին գյումրեցիները հնարավորություն կունենան ընտրելու մեծամասնական ընտրակարգով Գյումրում առաջադրված պատգամավորության 14 թեկնածուներից չորսին:

Նրանցից քանի՞սը Գյումրու բնակարանային խնդիրը լուծելու հիմնավոր ծրագիր ունի:

«Կշարունակվի բնակարանների տրամադրման գործընթացը,- ասում է ՀՀԿ անդամ, մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Սուքիաս Ավետիսյանը: - Առաջիկա հինգ տարում Գյումրում անօթևան ընտանիքների հարցը պետք է փակվի: Կշարունակվի բնակարանների գնման վկայագրեր հանձնելու գործընթացը, իսկ եթե այն իրեն չարդարացնի, կգտնվեն այլ լուծումներ»:

Ընդդիմադիր «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) անդամ Սամվել Բալասանյանը վերջերս կոչ է արել «Գյումրու մասին» խորհրդարանի ընդունած օրենքի միջոցով լուծել սոցիալական հարցերը, ինչպիսին է երկրաշարժից հետո Գյումրու բնակիչներին բնակարանների գնման վկայագրեր տրամադրելը: Նա առաջարկում է օրենքում կատարել հարկային արտոնություններին վերաբերող փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան պետական միջոցներն ուղղել մատչելի բնակարանների շինարարությանը և ոչ միայն վկայագրեր տրամադրելուն, ինչպես անցյալում էր:

«Մեր կուսակցությունը զբաղվելու է բնակարանային հարցով,- ասում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) անդամ, մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Համբարձում Մաթևոսյանը: - Մենք ունենք հստակ ծրագիր, որով առաջնորդվելու ենք այդ հարցը լուծելիս»:

Մեծ խոստումներն ու փոքր գործերը հուսախաբության են մատնում 68-ամյա Վոլոդյայի նման շատ գյումրեցիների:

«Շուտով ընտրություններ են լինելու, բոլորն իրար են խառնվել, նվերներ են բաժանում, ելույթներ ունենում: Բայց մի՞թե դա ժողովրդի վիճակը կփոխի, կամ մի՞թե դա ասում է, որ «իշխանությունը միշտ եղել է ժողովրդինը»,- զայրացած ասում է նա:

«Ով շատ փող ունի, նա էլ դառնում է պաշտոնի տեր ու իր գործերն առաջ տանում,- հավատացնում է նա: - Ես հաստատ որոշել եմ` չեմ մասնակցելու ընտրություններին: Մասնակցենք, չմասնակցենք` մեկ է, կեղծելու են, էլ ինչի՞ մասնակցեմ, եթե այդպես է»: