Գորիս. անտարբերության մթնոլորտ և փոքր ակնկալիքներ

Միջին տարիքի, գեր ու կարմրաթուշ Սոնա Նավասարդյանը, «ընտրություն» բառը լսելով` ձեռքերը բարկացած վեր բարձրացրեց.

«Տերը մեռնի ընտրություն հնարողի, որ մի քանի տարին մեկ մեզ կրակի մեջ ա գցում: Ընտրությունները մեր նման հասարակ մարդկանց համար մենակ գլխացավանք են, որ ոչ մի բան մեր կյանքում չեն փոխում»:

Երևանից 250 կմ դեպի հարավ ընկած նեղլիկ փողոցներով ու քարե յուրահատուկ տներով Գորիս քաղաքում նախընտրական կրքերը հետզհետե բորբոքվում են:

Նախընտրական այս շրջանում Գորիսում աշխուժություն են ցուցաբերում հասարակական կազմակերպությունները, որոնք տարբեր դրամաշնորհների շրջանակներում հոդվածների, բուկլետների, պաստառների, տեղեկատվական թերթիկների և այլնի միջոցով փորձում են բարձրացնել մարդկանց իրազեկության մակարդակը:

Սակայն ուղղորդված այդ աշխատանքների արդյունքները միշտ չէ, որ ակնհայտ են:

Եթե ընտրողների մի մասն անտարբեր է գալիք ընտրությունների նկատմամբ, ոմանց զայրացնում են մշտական գործազրկությունն ու տարաբնույթ անլուծելի խնդիրները, ապա ընտրողների մի հոծ զանգվածի էլ հետաքրքրում են ոչ թե թեկնածուների ամպագոռգոռ խոստումները, այլ «ակնկալիքներն» այս կամ այն թեկնածուից:

«Փող եմ ակնկալում ընտրություններից. ով փող տա` նրան եմ ընտրելու»,- առանց երկմտելու ասում է Գորիսի «Յոթ աղբյուր» հուշարձանի մոտի մշտական բանավեճերի կազմակերպիչներից մեկը` Արտուշ Կարապետյանը:

«Արա, բոլորից էլ վերցրու, ում կուզես` գնա նրան էլ ձենդ տուր»,- զրուցընկերոջ միտքը շարունակում է տարեց գորիսեցի Սերյոժա Միրզոյանը:

Եթե 2003 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս կարգի զրույցներում նշվող «փողի» չափը 3-5 հազար դրամ էր, ապա այսօր ժողովրդավարության չափանիշ ձայնի իրավունքի գինը մի քանի անգամ բարձրացել է:

Խոսակցություններն այսօր պտտվում են 10000 դրամ ընտրակաշառքի շուրջ: Քաղաքում տարածված մեկ այլ խոսակցության համաձայն` «ուժեղ» կուսակցություններից մեկն էլ 50 կգ ալյուրով հավաքում է քաղաքացիների անձնագրերը:

Թե ի՞նչ կերպ կօգտագործվեն անձնագրերը, կամ ի՞նչ ազդեցություն կունենան գալիք ընտրությունները հասարակական և սոցիալական կյանքի վրա, թվում է` այնքան էլ չեն հուզում հատկապես երիտասարդներին:

Դա են վկայում վերջերս «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ի կողմից Սյունիքի մարզի 5 քաղաքներում երիտասարդության շրջանում անցկացված հարցումները:

«Ի՞նչ է ձեզ համար ընտրություն կոչվածը», «Հետաքրքրվո՞ւմ եք նախընտրական իրադարձություններով», «Ձեր կարծիքով` ազատ ու արդար կլինե՞ն այս ընտրությունները», «Ի՞նչ ակնկալիքներ ունեք ընտրություններից»` այս և նման բազմաթիվ հարցերի պատասխանելով` Գորիսի երիտասարդները բավական անտարբեր են եղել նախընտրական գործընթացների նկատմամբ:

«Անտարբեր եմ ընտրությունների հանդեպ, քանի որ երբևէ դրանց դրական արդյունքը չեմ զգացել,- ասում է 20-ամյա Հեղինե Մկրտչյանը: - Բայց միևնույն ժամանակ քաջ գիտակցում եմ, որ եթե մենք` երիտասարդներս, չզբաղվենք քաղաքականությամբ, ապա մեզնով կզբաղվեն քաղաքական ուժերը` օգտագործելով մեզ»:

Սակայն ի տարբերություն երիտասարդների անտարբերության, առանձնահատուկ ակտիվություն են հանդես բերել մանկավարժները` դրական միտվածությամբ:

«Առանձնակի ակնկալիքներ չունեմ, բայց մասնակցելու եմ ընտրություններին և իմ ձայնով աջակցելու եմ արժանի կուսակցությանն ու թեկնածուին: Կարծում եմ` եթե մարդիկ ինձ նման մտածեն և մասնակցեն ընտրություններին, տեր կանգնեն իրենց ձայնին, ապա ընտրություններն արդար կանցնեն»,- ասում է Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Մարտիրոսյանը:

Մեկ այլ դպրոցում ուսուցիչներից մեկը, խնդրելով չնշել իր անունը, շշուկով ասաց, որ մանկավարժների լավատեսությունն իր պատճառն ունի:

«Հիմար չենք` էնպիսի բան ասենք, որ գործից ազատեն: Հետո` ամուսին ունենք, եղբայր… Փոքր քաղաք ա, բոլորն էլ գիտեն` ով ում բարեկամն ա. մի անկեղծ կարծիքով կարող ես խնդիրներ առաջացնել նրանց համար»,- ասաց նա:

Ի տարբերություն մանկավարժների «բարիդրացիական» կարծիքների` ասպիրանտական կրթություն ունեցող ֆիզիկոս Արա Գրիգորյանը ոչ մի լավ սպասելիք չունի այս ընտրություններից: Նա վստահեցնում է, որ գալիք ընտրությունները ոչինչ էլ չեն փոխի ժողովրդի դժվար կյանքում:

«Ի՞նչ կարող է փոխվել, եթե նույն մարդիկ են լինելու իշխանության գլխին: Արդար ընտրություններն անհնար են. 100%-ով կոռուպցված երկրում ի՞նչ արդար ընտրությունների մասին է խոսքը,- իր կարծիքը համարձակորեն արտահայտեց Գրիգորյանը: - Եթե խոսքերիս համար պիտի ինձ գյուղական դպրոցից հեռացնեն, թող անեն…»:

Սակայն գորիսեցիների մեծ մասը խուսափում է իր մտածածն ասելուց վախի, անտարբերության ու կողմնակալության մթնոլորտում: