ԻԼԻՊ-ը շարժվում է դեպի Թուրքիա. քրդերի դեմ ուղղված Սուրուչի ահաբեկչությունը Հայաստանում մտահոգությունների տեղիք է տալիս

Բազմաթիվ երկրներում արգելված այսպես կոչված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական կազմակերպության ներթափանցումը Թուրքիայի քրդաբնակ շրջաններ ակնհայտորեն վտանգն ավելի է մոտեցնում Հայաստանի սահմաններին:

Հուլիսի 20-ին Սիրիայի հետ սահմանին Թուրքիայում իրականացված ահաբեկչական ակտը, որի հետևանքով 32 մարդ է զոհվել, բազմաթիվ վերլուծաբանների հիմք է տվել եզրակացնելու, թե Մերձավոր Արևելքում պատերազմն աստիճանաբար տեղափոխվում է Թուրքիայի տարածք:

Ահաբեկչության զոհ են դարձել հիմնականում քրդամետ կուսակցության անդամներ, որոնք պատրաստվում էին մեկնել հարևան Սիրիայի քրդական Քոբանի քաղաք, որը վերջերս ետ էին գրավել «Իսլամական պետության» զինյալներից:

Թուրքիայում ապրող քրդերը արդեն մեղադրել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը «Իսլամական պետության» ահաբեկիչների նկատմամբ թողտվության մեջ: Անցկացվում են հանրահավաքներ, հնչում են նաև մեղադրանքներ այն մասին, որ Թուրքիայում քրդերը չունեն անվտանգության բավարար երաշխիքներ:

Թուրքիայում լրանում է հունիսի 7-ին անցկացված խորհրդարանի ընտրություններից հետո նոր կառավարության նշանակման 45-օրյա ժամկետը: Վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուին առայժմ չի հաջողվում կուսակցությունների հետ կոալիցիայի մասին պայմանավորվածություն ձեռք բերել, և արդեն խոսվում է նոր ընտրությունների հավանականության մասին: Սակայն այդ ընտրությունները ահաբեկչության և քրդերի զայրույթի ֆոնին կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ և քաոսի հանգեցնել:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ահաբեկչության կապակցությամբ ցավակցել է թուրք պաշտոնակից Էրդողանին:

Հայաստանին չեն կարող չանհանգստացնել իրավիճակը հարևան Թուրքիայում և հնարավոր քաոսը: Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ «Իսլամական պետության» դեմ հիմնականում պայքարում են քրդերը, և եթե քրդերի այդ պայքարը հաջողությամբ չպսակվի, ապա «Իսլամական պետությունը» սպառնալիք կդառնա նաև Հայաստանի համար:

2014-ի գարնանը, երբ զինյալները գրավեցին Սիրիայի հայաբնակ Քեսաբը, Հայաստանը ՄԱԿ-ում հանդես եկավ հայտարարությամբ, որում ուղղակիորեն մեղադրեց Թուրքիային այն բանում, որ զինյալները Քեսաբ են ներթափանցել Թուրքիայի տարածքից: Այն ժամանակ Անկարան հերքեց այդ մեղադրանքները: Այժմ քրդերն են մեղադրում Թուրքիային «Իսլամական պետության» նկատմամբ թողտվության մեջ: