Նոր պատերազմ Հայաստանի շեմի՞ն. քրդերի և թուրքերի հաշտության ավարտը

Քրդերի և թուրքական պետության միջև հարաբերություններում լարվածության նոր ալիքը կարող է փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը և անգամ վերաձևել սահմանները, ինչը չի կարող ազդեցություն չունենալ նաև Հայաստանի վրա:

Երեքշաբթի` հուլիսի 28-ին, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների մակարդակով արտահերթ նիստ է հրավիրել` նրանց հետ քննարկելու իրավիճակը տարածաշրջանում: Ավելի վաղ Թուրքիան հարվածներ էր հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» զինյալներին և Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցությանը: Քրդերը հայտարարել են Թուրքիայի հետ հաշտության դադարեցման մասին:

Թուրք առաջնորդները չեն թաքցնում, որ վախենում են մեծ քրդական պետության ստեղծումից: Այն բանից հետո, երբ Սիրիայում և Իրաքում քրդերը սկսեցին հաղթանակներ տանել «Իսլամական պետության» նկատմամբ, Թուրքիայի համար ծագեց քրդական պետության ստեղծման սպառնալիքը, որը, ինչպես ենթադրվում է, կընդգրկի նաև Թուրքիայի տարածքի մի մասը: Ավելի վաղ թուրք առաջնորդները սատարում էին Սիրիայի և Իրաքի տարածքում քրդական պետության ստեղծումը, սակայն հիմա հավանաբար խոսքը բուն Թուրքիայի տարածքային ամբողջականության մասին է:

Թուրքիան սկսել է քրդական ուժերին հարվածներ հասցնել Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների բանակցություններից հետո: Փորձագետներն ասում են, որ Բարաք Օբաման քրդական հարցի լուծման մեջ Ռեջեփ Էրդողանին քարտ-բլանշ է տվել:

Միաժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը մեկնել է Իրաքյան Քուրդիստան` բանակցելու նրա նախագահ Բարզանիի հետ: Ենթադրվում է, որ նրանք խոսել են քրդական դիմադրության կազմակերպման մասին:

Իր հերթին` Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ պետք է դատապարտվեն այլ պետությունների տարածքային ամբողջականությունը խախտելու Թուրքիայի փորձերը: Այսպիսով, արդեն գրեթե հաստատ կարելի է խոսել Մերձավոր Արևելքում Թուրքիայի` մեծ պատերազմի մեջ մտնելու մասին, որի արդյունք կարող է լինել սահմանների վերաձևումը` Քուրդիստանի ստեղծումով: Դատելով իրադարձություններով` այս գործընթացները ղեկավարելու է ԱՄՆ-ը, որին 100 տարի առաջ չհաջողվեց Մերձավոր Արևելքը իր ուզած ձևով բաժանել:

Նոր քրդական պետությունը, որի քարտեզը շրջում է համացանցում, ընդգրկում է նաև պատմական հայկական հողեր:

Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, որ Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի: Սակայն հայկական սփյուռքն ահա արդեն 100 տարի տարփողում է ըստ Վիլսոնի իրավարար վճռի Օսմանյան կայսրությունը բաժանելու ծրագրին վերադարձը: Իսկ ըստ այս իրավարար վճռի` հողերի մեծ մասը, որոնք կարող են միացվել Քուրդիստանին, հատկացված էին Հայաստանին:

Հայաստանն առայժմ չի արձագանքել հարևան Թուրքիայում ծավալվող իրադարձություններին: Թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաքը համարվում է Դիարբեքիրը (նախկին Տիգրանակերտը), իսկ դա շատ հեռու չէ Հայաստանի հետ սահմանից: