Հայաստանը և տարածաշրջանը. պաշտպանության առաջին փոխնախարարը ԱՄՆ-ում է,Երևանը ձգտում է անվտանգության լրացուցիչ երաշխիքների

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում է գտնվում Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: Տոնոյանն արդեն հասցրել է հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ռազմական գրասենյակի շտաբի ներկայացուցիչների հետ և հայտարարել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում հայ խաղաղապահների թվի ավելացման մասին:

32 հայ խաղաղապահներ են մասնակցում Լիբանանում ՄԱԿ-ի առաքելությանը: Մայիսին նրանց այցելել էր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նա նույնպես ասել էր, որ մեկ հայ սպա կարող է առաքելություն սկսել Մալիում:

Հայաստանը Աֆղանստանում և Կոսովոյում մասնակցում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելությունների: Եվ երկրի ներգրավվածությունը այս առաքելություններին գնահատվում է որպես անվտանգության արևմտյան, եվրաատլանտյան համակարգում Հայաստանի ներդրում: Չնայած ռուսամետ ՀԱՊԿ ռազմական դաշինքին անդամակցությանը` Հայաստանը ջանում է կապերը չխզել անվտանգության մյուս միջազգային համակարգերի հետ:

Հայաստանի պաշտպանության փոխնախարարի այցը ԱՄՆ տեղի է ունենում Հայաստան ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Սերգունի այցից հետ: Թե ինչի´ մասին են պայմանավորվել ռուս զինվորականները Հայաստանի ղեկավարության հետ` հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը Մոսկվայից անվտանգության լիարժեք երաշխիքներ է ստացել տարածաշրջանում ձևավորվող իրավիճակում:

Իսկ իրավիճակը սպառնում է ամենաանսպասելի շրջադարձերով: Սեպտեմբերին չեն բացառվում Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և ղարաբաղյան խնդրի շուրջ ինչ-որ համաձայնության կնքումը: Դա կարող է հանգեցնել տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխության, նույնիսկ միջազգային խաղաղապահ ուժերի, այդ թվում` ՄԱԿ-ի, հայտնվելուն:

Բացի այդ, լարվում է իրավիճակը Հայաստանի հարևան Թուրքիայում, որը գրեթե բացահայտ պատերազմի մեջ է մտել «Իսլամական պետության» և Քրդական աշխատավորական կուսակցության հետ, ընդ որում, սկսված ահաբեկչական և պատժիչ գործողությունները տեղի են ունենում Թուրքիայի տարածքում, որը կոչվում է Արևմտյան Հայաստան:

Այս իրավիճակում Հայաստանը պետք է փնտրի անվտանգության այլընտրանքային երաշխիքներ: Եվ պատահական չէ, որ մինչև ԱՄՆ այցը Տոնոյանն այցելել էր Վրաստան, որտեղ, հավանաբար, ստացել է «չհարձակվելու» երաշխիքներ: Այցից հետո Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Վրաստանը վստահում են միմյանց և չեն ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք «ուղղված կլինեն մյուս կողմի շահերի դեմ»:

Այժմ Տոնոյանը մեկնել է ԱՄՆ Վաշինգտոնի երաշխիքները ստանալու համար: Այդ երաշխիքները կարող են կապված լինել միանգամից մի քանի սպառնալիքների հետ. 1. Ղարաբաղում իրավիճակը սրելու Ռուսաստանի և Ադրբեջանի փորձեր, ռազմական գործողություններ սկսել և ռուս խաղաղապահներ տեղակայել, 2. Թուրքիայում ռազմական գործողությունների տեղափոխման հավանականություն Հայաստանի տարածք, 3. երրորդ ուժերի փորձեր սրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին` ստատուս քվոն փոխելու, միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելու և Իրանի հետ տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու նպատակով: