Տարբեր կարծիքներ. Երևանում փորձագետների գնահատականները Հայաստանի` սիրիահայերի օգնության հարցում բաժանվում են

Հայաստանի` սիրիահայ համայնքին օգնություն տրամադրելու հարցում քաղաքագետների կարծիքները բաժանվում են:

Արաբագետ Հայկ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանը բավարար քայլեր չի ձեռնարկում սիրիահայ համայնքին օգնության ձեռք մեկնելու հարցում.

«Հարցը ոչ թե կոնկրետ սիրիահայերն են, այլ առհասարակ Հայաստանի վերաբերմունքը իր սփյուռքին, քանի որ այն չունի իր համայնքների հետ իրականացվող հատուկ ռազմավարություն: Այսօր սիրիահայ համայնքն է, վաղը կարող են լինել մեկ այլ երկրում ապրող մեր հայրենակիցները, որոնք պետք է հստակ իմանան, թե դժվար կացության մեջ ի՛նչ սպասելիքներ ունենան իրենց հայրենիքից»,-նշեց Քոչարյանը:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը, սակայն, համակարծիք չէ գործընկերոջ հետ.

«Փաստն այն է, որ ունենք հայ համայնք, որն ապրում է ռազմական գործողությունների գոտում: Անվտանգության և տեղափոխման ծրագրեր իրականացնելու համար տարածաշրջանում պետք է ժամանակավոր դադար լինի, ինչի բացակայությունը հնարավորություն չի տալիս հայկական կողմին կոնկրետ գործողություններ իրականացնելու»,- ասաց նա:

2011-ից սկսված և մինչ օրս շարունակվող սիրիական պատերազմի արդյունքում 10 հազարից ավելի սիրիահայեր են ապաստան գտել Հայաստանում, 2013-ին պատերազմի ընթացքում ձևավորվեց Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը (ԻԼԻՊ), որը Իրաքի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքներում գործող ծայրահեղական իսլամիստական խմբավորում է: Ներկայումս սիրիական պատերազմը շարունակվում է ԻԼԻՊ-ի և Սիրիայի օրինական իշխանությունների միջև:

«Իսլամական պետությունը», ըստ քաղաքագետների` սպառնալիք է ոչ միայն Սիրիային, այլ նաև Կենտրոնական Ասիային, որի հինգ երկրներից երեքի հետ (Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան) Հայաստանը դաշնակցային կապեր ունի (ՀԱՊԿ), և այդկերպ տարածաշրջանում ԻԼԻՊ-ի ներկայությունը կարող է միջնորդավորված ազդել նաև Հայաստանի վրա:

«ԻԼԻՊ-ը Կենտրոնական Ասիան հայտարարել է իր վիլայեթներից մեկը, ինչը նշանակում է, որ այն պատրաստվում է ակտիվ գործողություններ իրականացնելու այնտեղ ևս, հատկապես երբ իր մրցակից «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ռազմաբազաները գտնվում են այս տարածքում, որոնց զավթումը ԻԼԻՊ-ի ծրագրերի մասն է կազմում»: