Հայաստանը կոչ է անում պաշտպանելու Մերձավոր Արևելքում էթնիկ, կրոնական փոքրամասնություններին

Հայաստանը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններով` հայտարարել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում` Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովի ընթացքում:

«Սիրիայում և Իրաքում ահաբեկչական ուժերի կողմից հետապնդվող էթնիկ և կրոնական խմբերի պաշտպանությունը պահանջում է գործողությունների համադրում և համակողմանի աջակցություն, այդ թվում՝ հումանիտար օգնության տրամադրում ինչպես փախստականներին, այնպես էլ՝ այն վտանգված համայնքներին, որոնք ահաբեկիչների թիրախ են դարձել։ Միջազգային աջակցությունը չպետք է տարանջատվի առաջնային և երկրորդական ուղղությունների և պետք է տրամադրվի բոլոր տուժածներին»,- ընդգծել է Նալբանդյանը` ըստ ԱԳՆ մամուլի ծառայության:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև պատահական չի համարել, որ ահաբեկչական խմբավորումները պատերազմ են վարում այս տարածաշրջանի ժողովուրդների մշակութային ժառանգության դեմ:

«Բազմաթիվ իսլամական սրբավայրերի, հնամյա Պալմիրայի և Նիմրուդի մշակութային կոթողների ավերումը, Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը և նմանօրինակ այլ վայրագությունները քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ են»,- ընդգծել է Նալբանդյանը իր ելույթում` հավելելով, որ Մերձավոր Արևելքի տասնյակ հազարավոր հայեր նույնպես տուժել են պատերազմից և հալածանքներից:

Մասնավորապես, նա նշել է, որ վերջին մի քանի տարիներին միայն Սիրիայից շուրջ 15 հազար հայեր ապաստան են գտել Հայաստանում:

Հայաստանի արտգործնախարարը կոչ է արել անհապաղ մշակել մեխանիզմներ՝ զրկելու համար ահաբեկիչներին միջոցներից, ֆինանսական աղբյուրներից, խոչընդոտելով օտարերկրյա գրոհայինների ներհոսքը:

Ուշագրավ է, որ երեքշաբթի Արարատի մարզի սահմանամերձ Ռանչպար գյուղը ցնցվել է հզոր պայթյունից, ինչը, պարզվել է, տեղի է ունեցել Թուրքիայի տարածքում, որտեղ մեծ հզորությամբ պայթուցիկ գործի դնելուց առնվազն 14 թուրք ոստիկաններ են զոհվել: Թուրք պաշտոնյաները մեղադրում են Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալներին` հարձակման հետևում կանգնած լինելու համար:

Դիտորդներն ասում են, որ Թուրքիայում տեղի ունեցած պայթյունը, որը ցնցել է Հայաստանի սահմանամերձ համայնքին, բազմաթիվ հայերի հիշեցրեց, թե իրենք որքան մոտ են իրենց տարածաշրջանային հարևաններին, և որ մեծ տարածաշրջանում այդ զարգացումները ավելի քան անմիջական ազդեցություն կարող են ունենալ իրենց կյանքի վրա, քան իրենք կմտածեին: