Պատերազմի պատճառով մասնատված. չնայած Ռուսաստանի օդային հարվածներին` սիրիահայերը մոտալուտ խաղաղության շատ քիչ հույս ունեն

Պատերազմի պատճառով մասնատված. չնայած Ռուսաստանի օդային հարվածներին` սիրիահայերը մոտալուտ խաղաղության շատ քիչ հույս ունեն


Քաղաքացիական հնգամյա պատերազմից հետո, անգամ հիմա, երբ Ռուսաստանի օդային ռմբակոծումների միջոցով փորձ է արվում լուծել խնդիրը, Սիրիայի ապագան անորոշ է: Նույնքան անորոշ է սիրիահայ համայնքի ապագան:

1915-1920 թվականներից թուրքական ջարդերից հարևան Սիրիայում ապաստան գտած հայերի շնորհիվ է հիմնվել սիրիահայ գաղութը, որն ամենամեծն ու ամենահզորն էր հայկական սփյուռքում: Սակայն տարիներ ձգվող սիրիական քաղաքացիական պատերազմը մաս-մաս է արել ու աշխարհով մեկ ցրել այդ կուռ համայնքը:

Անգամ Ռուսաստանի օդային հարվածները բավարար չեն իրավիճակը կարճ ժամանակում կարգավորելու համար, քանի որ դրությունը շատ լուրջ է՝ երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը կարծիք է հայտնել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը.

«Ռուսական օդուժը դեռ չունի ռազմական տեխնիկայի և այլ ռազմական մասնագետների կորուստներ, բայց տեսնում ենք, որ սիրիական բանակը նույնպես լուրջ հաջողություններ դեռ չի գրանցել, ծանր մարտեր են ընթանում, դեռ հարց է՝ արդյոք միայն օդային հարվածների շնորհիվ կհասնե՞ն հաջողության, թե՞ ոչ»:

Ըստ փորձագետի՝ վաղ թե ուշ հարց է դրվելու՝ օդային բաղադրիչն ուժեղացնելու, այսինքն՝ ավելացնելու ինքնաթիռների, ուղղաթիռների, ցամաքային աջակցող անձնակազմի թվաքանակը Սիրիայում: Մյուս հարցն այն է՝ արդյոք Ռուսաստանը գոնե ինչ-որ սահմանափակ ձևաչափով կմասնակցի՞ այդ գործողությանը:

«Թեև Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս նշել է, որ մասնակցությունը ցամաքային գործողությանը այս պահին չի դիտարկվում, բայց ոչինչ բացառված չէ»,- նշել է Մինասյանը:
Մինչ այդ Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծության հետևանքով սիրիական քաղաքացիական պատերազմում զոհված հայերի թիվը հասել է 127-ի:

«Իրականութեան մեծ անտանելի դարձաւ Հալեպի մէջ կեանքը իր բոլոր երեսներով՝ անապահովութեան հետ նաև ջուրէ և ելեկտրականութենէ զրկուածութիւնը, անդիմանալի սղութիւնը համարեա բոլորը կը դարձնէ նպաստընկալ, և մարդիկ իրաւունք ունին հեռանալու. շատեր երանի կու տան տարիներ առաջ գացածներուն, սակայն քիչ չէ նաև հոս մնալ յամառողներուն թիւը»,- կիրակի սոցիալական ցանցերում գրել է սիրիահայ Մանվել Քեշիշյանը:

Թեպետ ստույգ տվյալներ չկան, սակայն, տարբեր գնահատականներով` Սիրիայում մնացել է մոտ 5000 հայ` նախկին 70.000-ի փոխարեն: Մինչև քաղաքացիական պատերազմ սկսվելը միայն Հալեպում բնակվում էր ավելի քան 50.000 հայ:

«Եւ այսպէս կամ այնպէս հայ կեանքը կը շարունակուի Հալեպի մէջ. երկու երեք շաբաթ ռումբերը կը դադրին մեր վրայ տեղալէ և կը յուսադրուինք, կը համակուինք լաւատեսութեամբ, կը յաջորդէ յոռետեսական շրջանը և տեղացող զանազան պայթուցիկները անգամ մը ևս կը յուսալքեն մեզ»,- գրել է Քեշիշյանը:

Մի քանի տարի առաջ Հալեպից Հայաստան տեղափոխված Հրայր Ագուիլյանը [Hrayr Aguilian] կարծում է՝ թեպետ իր նման Հայաստան եկածների 90 տոկոսը վերադառնալու հույս ունի, անգամ մի փոքր հանդարտության պարագայում, դա մոտ ապագայի բան չէ, քանի որ հակամարտությունը դեռ երկար է ձգվելու, ու անգամ Ռուսաստանի կամ այլ պետության միջամտությունը չի օգնի արագ կարգավորելու այն:

«Այդ պատճառաւ հայ գաղութը պահելը հոնտեղ ես կը կարծեմ երազային պատմութիւն է: Հայ գաղութը հոգեվարքի մէջ է, քանի մը հազար մարդ մնացած է, հաջորդ մի քանի տարին անոնք ալ պիտի լքեն Հալեպը, կը կարծեմ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Ագուիլյանը՝ ցավով նշելով, որ Հայաստանում սիրիահայերը դեռ չեն կարողանում համախմբվել: