Տարածաշրջանային վերաբաժանում. Հայաստանի շուրջ իրադարձությունները հուշում են Մեծ Մերձավոր Արևելքում սպասվող փոփոխությունների մասին

Տարածաշրջանային վերաբաժանում. Հայաստանի շուրջ իրադարձությունները հուշում են Մեծ Մերձավոր Արևելքում սպասվող փոփոխությունների մասին

Map: www.armenianow.com

Անցյալ շաբաթվա ընթացքում Հայաստանի շուրջը գտնվող երկրներում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք կարող են դառնալ մեծ տարածաշրջանային ձևափոխությունների սկիզբ: Խոսքը նախևառաջ ադրբեջանա-իրանական հարաբերությունների և Իրաք ներխուժելու Թուրքիայի փորձերի հետ կապված իրադարձությունների մասին է:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սրումը, որը պարզորոշ արտահայտվեց թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ռազմական օդանավը խոցելուց հետո, փորձագետները կապում են Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առաջիկա փոփոխությունների հետ, որոնք կարող են տեղի ունենալ սիրիական կարգավորման արդյունքում:

Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը փորձում են դառնալ տարածաշրջանի հետագա բաժանման մասնակիցներ, և նրանք նախօրոք սկսել են պարզել հարաբերությունները: Ռուս-թուրքական հարաբերությունների սրացման քողի ներքո Մոսկվան Սիրիայում տեղակայում է ռազմական բազա, իսկ Թուրքիան ջանում է բազա հիմնել Իրաքում:

Մինչ այդ, կտրուկ սրվել են Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները: Անցյալ շաբաթ Բաքվի մոտ գտնվող Նարդարան ավանում վնասազերծվել է շիա մահմեդականների կազմակերպություն: Բաքվի լրատվամիջոցները հաղորդել են, որ այս կազմակերպությունը Իրանի աջակցությամբ մտադիր էր Ադրբեջանում իշխանությունը վերցնել: Պաշտոնական Թեհրանը սա համարել է հարձակումներ շիա հավատացյալների վրա: Երկու երկրների միջև հարաբերությունները առավելագույնս լարված են:

Սիրիայի և Իրաքի հավանական բաժանումը կհանգեցնի միջազգային պայմանագրերի վերանայման, որոնց համաձայն 100 տարի առաջ բաժանվել է Օսմանյան կայսրությունը: Այս պայմանագրերի ոլորտում է նաև Հարավային Կովկասը, որը բաժանվել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ պայմանագրերով: Եվ փորձագետները չեն բացառում, որ նոր բաժանվելու կրակը կարող է անցնել Հարավային Կովկաս:

Այս տարածաշրջանում արդեն կա մեկ բաժանարար գիծ` Ղարաբաղի և Ադրբեջանի միջև սահմանը: Պատահական չէ, որ Բաքուն Թուրքիայի օգնությամբ փորձում է արագացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը և Հայաստանի հետ պարտավորեցնող պայմանագիր կնքել` մինչև տարածաշրջանի «մեծ» վերաբաժանումը:

ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների վերջին հայտարարությունը համոզել է Ադրբեջանին, որ միջազգային հանրությունը առայժմ նախընտրում է Լեռնային Ղարաբաղում պահպանել ստատուս քվոն: Հենց սրա հետ են փորձագետները կապում ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի մարտավարության փոփոխությունը:

Բաքվում որոշել են այլևս չթաքցնել, որ գնդակոծում են Ղարաբաղում հայկական դիրքերը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բացահայտ հայտարարում է, որ «գնդակոծությունների հետևանքով հակառակորդի կենդանի ուժին զգալի վնաս է պատճառվել»: Հայաստանը չի փոխել մարտավարությունը և առաջվա պես հայտարարում է «պատժիչ գործողությունների» մասին: Ի հետևանք` ամբողջ անցյալ շաբաթվա ընթացքում ղարաբաղյան ճակատումն անհանգիստ է եղել:

Ե՞րբ տեղի կունենա Մեծ Մերձավոր Արևելքի նոր «վերաբաժանումը»` դժվար է ասել: Սակայն այն, որ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ երկրներ անցյալ շաբաթ ստացել են խորհրդարանի թույլտվությունը Սիրիայում ռազմական գործողություններ անցկացնելու, խոսում է այն մասին, որ ժամկետները մոտենում են: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նույնպես դիմել է Կոնգրեսին` Սիրիայում ռազմական գործողություն անցկացնելու թույլտվության խնդրանքով: