Թուրքական գամբիտ. Հայաստանի դաշնակից Մոսկվայի և ախոյան Անկարայի միջև Սիրիայի շուրջ լարվածությունը խորանում է

Սիրիայի հյուսիսում` Լաթաքիայում, որտեղ ապրում է նաև հայ համայնք, սպասում են հակամարտության հանգուցալուծման և ցամաքային գործողության: Ռուսական օդանավերն արդեն ռմբահարում են Հալեպի շրջակայքը, որտեղ ապրում էր շուրջ 60 հազար հայ: Թուրքիան և Սաուդյան Արաբիան նույնպես ցամաքային գործողությանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել:

Անկարան փորձում է վերահսկողության տակ վերցնել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանակից տարածքները, որտեղ ապրում են քրդեր և հայեր: Նա վախենում է, որ Սիրիայի և Իրաքի տարածքում կհայտնվի քրդական կազմավորում, և այն կտարածվի նաև Թուրքիայի տարածքում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Վլադիմիր Պուտինին` ըստ էության նրան օկուպանտ կոչելով: Միևնույն ժամանակ նա քննադատել է ԱՄՆ-ին` քրդերին աջակցելու համար: Էրդողանը կոչ է արել Վաշինգտոնին որպես իր դաշնակից ընտրել կա՛մ Թուրքիային, կա՛մ սիրիացի Քրդական ժողովրդավարական միությունը (PYD), հաղորդել է Associated Press-ը: «Մենք ինչպե՞ս կարող ենք վստահել ձեզ: Ովքե՞ր են ձեր գործընկերները` մե՞նք, թե՞ Քոբանիի ահաբեկիչները»,- հայտարարել է Էրդողանը:

Դատելով հայտարարություններից` Էրդողանը մտադիր է ԱՄՆ-ին տարածք տրամադրել Սիրիայում գործողության համար, սակայն պայմանով, որ Վաշինգտոնն օգնի չեզոքացնելու քրդերին:

«Մենք չենք ուզում Սիրիայում նույն սխալը գործել, ինչ Իրաքում»,- ասել է Էրդողանը` հիշեցնելով այն մասին, թե ինչպես 2003-ին Թուրքիայի խորհրդարանը մերժեց ԱՄՆ-ի խնդրանքը` օգտագործել Թուրքիայի տարածքը Իրաք ներխուժելու համար:

Վաշինգտոնն աջակցություն է ցույց տալիս Սիրիայում կռվող քրդերին: Ընդ որում, Թուրքիայի կառավարությունը Թուրքիայի հարավ-արևելքում քրդերի դեմ արյունոտ գործողություն է անցկացնում: Դիարբեքիրում և Արևելյան Անատոլիայի մի շարք քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարվել: Այս շրջաններում ապրում են նաև հայեր`ծպտյալ և ոչ ծպտյալ:

Մինչդեռ Մոսկվայում բացվել է սիրիացի քրդերի կուսակցության ներկայացուցչությունը, և Ռուսաստանն անթաքույց աջակցում է քրդերին` ելնելով Թուրքիայի նկատմամբ թշնամական վերաբերմունքից:

Ռուս-թուրքական ուղղակի բախման սպառնալիքն աճում է, և փորձագետները չեն բացառում, որ բախումը կլինի ոչ Թուրքիայի կամ Սիրիայի տարածքում, որտեղ Անկարայի դիրքերն ուժեղ են:

Tert.am-ի հետ հարցազրույցում հայտնի հայ քաղաքագետ, Ռուսաստանի Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Միհրանյանը, փաստորեն, հայտարարել է, որ Հայաստանում տեղակայված ռուսական զորքերն անհամբերությամբ սպասում են, թե երբ Թուրքիայի օդանավերը կխախտեն Հայաստանի սահմանը` դրանք խոցելու:

Իրազեկված քաղաքագետի խոսքերից դատելով` Ռուսաստանը չի բացառում, որ Հայաստանում տեղակայված իր ռազմաբազան ներգրավված լինի Թուրքիայի հետ դիմակայության մեջ:

Թե ինչպես կբաժանվի Սիրիան` առայժմ ոչ ոք չի համարձակվում կանխատեսել: Սակայն, ինչպես ասում են բազմաթիվ փորձագետներ, ամենայն հավանականությամբ, այս երկրում քրիստոնեական համայնքներ, այդ թվում նաև` հայ, չեն լինի: