Ռուս-թուրքական դիմակայություն. Մոսկվայում պատգամավորները առաջարկել են չեղյալ հայտարարել 1921-ի բարեկամության պայմանագիրը

Ռուսաստանի Պետական դումայի երկու կոմունիստ պատգամավորները դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին` չեղյալ հայտարարել 1921 թ. Թուրքիայի հետ կնքված «Եղբայրության և բարեկամության մասին» Մոսկվայի պայմանագիրը` երկուշաբթի հաղորդել են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Ըստ «Իզվեստիա» օրաթերթի` Սերգեյ Օբուխովն և Վալերի Ռաշկինն իրենց նամակում գրել են, որ Թուրքիան դառնում է ավելի ու ավելի «ագրեսիվ» Ռուսաստանի նկատմամբ` հաղորդել է «Իզվեստիան», վկայակոչելով նամակի պատճենը:

«Մենք պետք է իրավաբանորեն մշակենք մեր երկրի և իր դաշնակիցների համար անբարենպաստ ռուս-թուրքական պայմանագրերի վերանայման հնարավորությունը: Անկարան պետք է հասկանա, թե հակամարտության սրումը ինչի կարող է վերածվել: Միայն սա կարող է սթափեցնել նրան և հետ պահել նոր սադրանքներից»,- «Իզվեստիային» ասել է Օբուխովը:

Գործընկերների նախաձեռնությունը սատարել է փոքրամասնություն կազմող մեկ այլ խմբակցություն` «Արդար Ռուսաստանը»: Ըստ Պետդումայի պատգամավոր Օլեգ Պախոլկովի` Մոսկվայի պայմանագիրը կնքվել է ի վնաս Ռուսաստանի շահերի:

Օբուխովը նշել է, որ «երեք անդրկովկասյան հանրապետություններից երկուսը՝ Հայաստանն ու Վրաստանը, չեն ճանաչում պայմանագրի պայմանները։ Պետք է հասկանալ, որ 1921-ին բոլշևիկների իշխանությունը բառի բուն իմաստով կախված էր մազից` շարունակվում էին օտարերկրյա ինտերվենցիան և քաղաքացիական պատերազմը: Այս պայմաններում Խորհրդային Ռուսաստանը չէր կարող խոսել ուժի դիրքերից և Թուրքիային պարտադրել պայմանագրի ավելի բարենպաստ պայմաններ»,- ասել է պատգամավորը` ըստ Asbarez.com-ի:

Թերթը նշում է, որ այդ պայմանագրի համաձայն` Թուրքիային էին տրվել Կարսի մարզի մեծ մասը, նախկին Բաթումի մարզի հարավային հատվածը, որոնք Ռուսական կայսրության կազմի մեջ են եղել 1878-ից, ինչպես նաև Երևանի նահանգի Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռան հետ, որոնք ռուսական կայսրության մաս են կազմել 1828 թվականից:

Անկարայի հետ Մոսկվայի հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ Ռուսաստանն սկսեց իր օդային գործողությունները Սիրիայում, և նոյեմբերի 24-ին Թուրքիան Սիրիայի հետ սահմանին խոցեց ռուսական ռմբակոծիչը` մեղադրելով այն Թուրքիայի օդային տարածքը խախտելու մեջ:

Մոսկվան պնդում է, որ իր օդային հարվածներն ուղղված են իսլամիստ ահաբեկիչների դեմ, բայց Թուրքիան և արևմտյան երկրները մեղադրում են Ռուսաստանին` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական հակառակորդներին թիրախի տակ պահելու համար` փորձելով նեցուկ լինել նրա ռեժիմը պահպանելուն:

Պուտինը Թուրքիայի կողմից իր ռազմական օդանավի խոցումը կոչել էր ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից», և իր կառավարությունը կտրուկ կրճատել էր Ռուսաստանի առևտրային և զբոսաշրջային կապերը Թուրքիայի հետ:

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում շուրջ 3000 զինծառայող է տեղակայված, որոնք հսկում են Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը: