Հայն ընդդեմ հայի. մահվան ելքով կողոպուտը Ստամբուլում ստվեր է նետում հայրենիք-սփյուռք կապերի վրա

Ստամբուլում Հայաստանի քաղաքացիների կողմից տարեց հայ ընտանիքի դեմ իրագործած ավազակային հարձակում-կողոպուտը, որի հետանքով մահացել է ամուսիններից մեկը, ոչ միայն լայն արձագանք է գտել թուրքական մամուլում, այլև հարուցել ստամբուլահայ համայնքի բացասական վերաբերմունքը հայաստանցիների նկատմամբ:

«Թուրքական մամուլը սկսեց թմբկահարել այս մասին, բավական էր միայն տեսնել, թե այդ հրապարակումների տակ ինչ բացասական ու հեգնական մեկնաբանություններ էին թողնում թուրքերը: Մյուս կողմից էլ` ավելացավ տեղի հայ համայնքի անվստահությունը հայաստանցիների նկատմամբ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի Հարբիե Ջումհուրիեթ պողոտայում գտնվող իր բնակարանում սպանվել էր Հակոբ Դեմիրջին, ով շուրջ 40 տարի աշխատել էր որպես ոսկերիչ: Կապկպելով Դեմիրջիին և իր կնոջը՝ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին, հանցագործները վերցրել էին տանը եղած թանկարժեք իրերը և հեռացել:

Ոստիկանությանը և փրկարարներին հաջողվել էր ժամանակին փրկել կնոջ կյանքը, սակայն տարեց տղամարդը խեղդամահ էր եղել: Հանցագործների խումբը ձերբակալվել էր Տրապիզոնում՝ հանցագործությունից 4 օր անց։ Ըստ նախնական վարկածի՝ կողոպուտի նախաձեռնողը եղել է Դեմիրջիների տանն աշխատող հայ կինը։ Ձերբակալված կասկածյալներից 5-ը Հայաստանի քաղաքացի են, ինչը հաստատել է նաև ՀՀ արտգործնախարարությունը:

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր հայազգի Գարո Փայլանը փետրվարի 12-ին, անդրադառնալով տեղի ունեցածին և Թուրքիա մեկնող հայաստանցիների գործունեությանը նշել էր. «Որպես համայնք` պետք է քննարկենք հայաստանցիների հարցը: Նրանք այստեղ գողությամբ, մարմնավաճառությամբ և թմրանյութերի վաճառքով են զբաղվում»:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը նշում է. պոլսահայ համայնքի մտավախությունը, որ հանկարծ հայերի ձեռքով իրագործված չլինի այդ դաժանությունը, ցավոք, այսօր անհերքելի իրողություն է:

«Պոլսում հայերն ապրում են 3 հազար տարուց ավելի: Այդ քաղաքի կեսից ավելին տեղի հայ համայնքի կառուցածն է: Ամենահարգված, ամենավստահելի, օրինակելի ազգն այնտեղ հայն էր: Սակայն 1991 թվականից հետո պատկերը փոխվեց.

սփյուռքի ցանկացած հատվածում հայի երկու տեսակ մեջտեղ եկավ՝ սփյուռքահայ և հայաստանցի: Վերջինիս տակ հասկանում են շահամոլ, խաբեբա, գող և այլն: Իսկ մինչև 1991 թվականը նման բան չկար: Ասում են՝ խորհրդային կարգերն են մեղավոր»,- ասում է Հացպանյանը:

Թուրքագետները չեն բացառում, որ այս դեպքից հետո Թուրքիայի իշխանությունները կարող են ստիպել հայ համայնքին իրենց տանն աշխատող Հայաստանի քաղաքացիների տվյալները փոխանցել ոստիկանություն, որից հետո էլ, հնարավոր է` այնտեղ բնակվող մոտ 100 հազար հայաստանցիների արտաքսեն երկրից: Նրանք նշում են, որ միջադեպը իր մեջ մի շարք վտանգներ է պարունակում:

Հացպանյանի դիտարկմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է այս մասնավոր պատմությունն օգտագործել Հայաստանի դեմ:

Թուրքիան աշխատաշուկա է հատկապես Հայաստանից մեկնած կանանց համար, ովքեր զբաղվում են դայակությամբ, տան մաքրությամբ, խնամում են ծերերի:

Իսպիրյանը նշում է. վերջերս շատացել են խանութներում աշխատող հայ վաճառողուհիները, ինչը չէիր տեսնի նախկինում:

«Մեկ ուրիշ զարգացում էլ է նկատվում. քանի որ թուրքական լիրան արժեզրկվել է, ապա գերադասում են Հայաստանից ընտանիքներին կանչել: Եթե նախկինում 1000 լիրա էին աշխատում, ինչը հավասար էր 600-700 դոլարի, այսօր այն կազմում է 300 դոլար»,- ասում է Իսպիրյանը:

Հացպանյանի դիտարկմամբ էլ` Թուրքիա մեկնած իգական սեռի ներկայացուցիչները հիմնականում զբաղվում են մարմնավաճառությամբ, նաև ներթափանցում են տարբեր հանցախմբերի մեջ, իրականացնում կողոպուտներ, սպանություններ:

«Եթե ժամանակին պոլսահայ համայնքին մատով էին ցույց տալիս` որպես օրինակելի համայնքի, ապա այսօր մի քանի տասնյակ հանցագործների պատճառով նրա վարկանիշն ընկնում է։ Թուրքական մամուլն էլ բաժանվել է երկու մասի՝ հայամետները զգուշավորություն են ցուցաբերում և միջադեպը ներկայացնում սոցիալական համատեքստում, իսկ ազգայնականները՝ որպես հայի իրական դիմագիծ»,- ասում է Հացպանյանը: