Վերլուծաբան. Էրդողանի` Բաքու կատարելիք այցը չեղյալ համարելը Ալիևին «շունչ քաշելու» հնարավորություն է տալիս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չեղյալ է համարել Բաքու կատարելիք այցը՝ երեկ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որը, ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին թույլ կտա առայժմ «թեթև շունչ քաշել»:

Երեկ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հզոր պայթյուն է որոտացել, որը խլել է 28 մարդ կյանք, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել են: Թուրքիան պայթյունի հավանական պատճառ է համարվում ականապատված մեքենան, ինչը դիտվում է որպես ահաբեկչություն:

Այսօր Բաքվում անցկացվելու է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստը, որին պետք է մասնակցեր նաև Էրդողանը: Սպասվում էր, որ հանդիպման օրակարգում ընդգրկվելու էր նաև ղարաբաղյան հարցը:

«Բաքուն ռուս-թուրքական հակամարտության համատեքստում լուրջ երկընտրանքի առջև է հայտնվել: Այստեղ և՛քաղաքական, և՛ հասարակության համակրանքը Թուրքիայի կողմն է, բայց Ադրբեջանում երբեք չեն մոռանում ռուսական գործոնի մասին և խուսափում են հստակ ընտրություն կատարելուց»,- հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Անդրադառնալով Հայաստանին` Մինասյանը նշեց, որ պետք է հնարավորինս հեռու մնալ ռազմական բախումից և, աշխատելով արևմտյան գործընկերների հետ, փորձել կանխել այն:

«Երբ գալիս է գլոբալ ճգնաժամի ժամանակը, դա միաժամանակ ստեղծում է և լուրջ վտանգներ ու սպառնալիքներ, և տեսականորեն կարող է նաև յուրաքանչյուր դերակատարի համար նոր հնարավորություններ ստեղծել: Թուրքիան ակնհայտ արկածախնդրային քաղաքականություն է վարում իր արևմտյան գործընկերների հետ, և այս իրավիճակը հուշում է, որ նա կփորձի նաև արցախյան հարցի շուրջ ներգրավվել»,- նկատեց նա:

Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները կտրուկ վատթարացան անցյալ տարվա նոյեմբերին, երբ թուրքական օդուժը Սիրիայի հետ սահմանին կործանեց ռուսական ռմբակոծիչը:

Ադրբեջանը, որը Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիայի հիմնական դաշնակիցն է, բազմիցս մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրներին հայամետ դիրքորոշման մեջ, սակայն մինչ օրս ձեռնպահ է մնացել Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանման համար Ռուսաստանին մեղադրելուց: