Տարածաշրջան. «մերձավորարևելյան խաղաղության» մասին քրիստոնյա առաջնորդների ուղերձը հույս է ներշնչում նաև սիրիահայերին

Մինչ կատաղի մարտերը հասել են Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերին, վերջին օրերի իրադարձություններից մեկը մոտալուտ հանգուցալուծման հույսեր է արթնացրել պատերազմից տուժած տարածաշրջանի ժողովուրդների, այդ թվում` բազմաթիվ քրիստոնյաների շրջանում:

Երբ անցյալ ուրբաթ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոս Պապը և Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ, Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, 11-րդ դարում քրիստոնեական եկեղեցու պառակտումից հետո առաջին անգամ հանդիպեցին Կուբայի մայրաքաղաք Հավանայում, շատերն ակնկալում էին, որ հանդիպմանն անդրադարձ կարվի Մերձավոր Արևելքի երկրներում ապրող ժողովուրդների, այդ թվում` քրիստոնյաների խնդիրներին:

Ռուսաստանը ամենաակտիվ կողմերից մեկն է արդեն մոտ հինգ տարի ձգվող պատերազմի ընթացքում Սիրիայում, որտեղ աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմին և ասում, որ պայքարում է ահաբեկչական խմբավորումների, այդ թվում` ԻԼԻՊ-ի, Ջաբհաթ ալ Նուսրայի և մյուսների դեմ: Անցյալ տարվա սեպտեմբերից Լաթաքիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի տեղակայումը և կանոնավոր օդային հարվածներն օգնել են Սիրիայի կառավարական ուժերին վերականգնելու վերահսկողությունը տարածքի մեծ մասի նկատմամբ և հասնելու պաշարված Հալեպ քաղաք, որտեղ հաստատվել է մեծ հայ համայնք:

Արևմուտքը և առաջատար իրավապաշտպան կազմակերպությունները, սակայն, մեղադրում են, որ ռուսական ռազմական ուժերի գործողություններն ուղղված են հիմնականում չափավոր ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև քաղաքացիական անձանց դեմ, չնայած Մոսկվայի պնդումներին, թե պայքարում է միայն Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ:

Այս շաբաթ ավելի վաղ Հալեպում ռմբակոծությունների հետևանքով ավերվել են հայ համայնքին պատկանող մի քանի շենքեր, այդ թվում` Սիրիայի Հայ կարմիր խաչի հիվանդանոցը:

2011 թ. ռազմական գործողությունների սկզբից ի վեր, ըստ գնահատականների, մոտ 16.000 ազգությամբ հայեր են լքել իրենց տները Հալեպում և Սիրիայի այլ վայրերում և տեղափոխվել պատմական հայրենիք` Հայաստան: Շատերը նաև ապաստան են գտել հարևան Լիբանանում և Եվրոպայի ու Ամերիկայի այլ երկրներում: Հազարավոր էթնիկ հայեր, սակայն, դեռ շարունակում են մնալ Սիրիայում` կրելով պատերազմի դժվարությունները տարբեր հավատքի և էթնիկ ծագման իրենց համերկրացիների հետ:

Փետրվարի 12-ին Կուբայում հրապարակված իրենց համատեղ հռչակագրում աշխարհի երկու առաջատար եկեղեցիների առաջնորդները նաև անդրադարձել են քրիստոնյաների «զանգվածային ելքին» Մերձավոր Արևելքի երկրներից, «այն հողից, որտեղից սկսվել է մեր հավատքի տարածումը, և որտեղ նրանք ապրել են առաքելական ժամանակներից՝ այլ կրոնական համայնքների հետ»:

«Սիրիայում և Իրաքում բռնությունները հազարավոր մարդկային կյանքեր են խլել, միլիոնավոր մարդկանց էլ՝ զրկել տանիքից և գոյատևման միջոցներից: Կոչ ենք անում համաշխարհային հանրությանը համախմբվել, որպեսզի վերջ դրվի բռնությանն ու ահաբեկչությանը, և, միաժամանակ, երկխոսության միջոցով գործակցել քաղաքացիական խաղաղության արագընթաց ձեռքբերմանը: Մարդասիրական օգնություն տրամադրել այդ պայմաններում հայտնված մարդկանց և միլիոնավոր փախստականներին»,- ընդգծել են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը և պարիարք Կիրիլը:

Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, ով վերջերս ընտրվել է Մասաչուսեթս նահանգի Եկեղեցիների խորհրդի ղեկավար և պետք է աշխատի Բողոքական, Հռոմի Կաթոլիկ, Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների անդամների հետ, ասում է, որ Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Ռուսաստանի բոլոր հայերը միշտ հիանալի հարաբերություններ են պահպանել Ուղղափառ, Կաթոլիկ և Բողոքական քրիստոնեական եկեղեցիների հետ:

«Սա մեզ հնարավորություն է տվել սերտորեն աշխատել ընդհանրապես քրիստոնյաների նկատմամբ վերաբերմունքին և, մասնավորապես, վերջին շաբաթների ընթացքում Սիրիային և Թուրքիային առնչվող հարցերում: Մասնավորապես, Հալեպում հայկական հիվանդանոցի ավերումը և Դիարբեքիրի Սբ Սարգիս հայկական կաթողիկե եկեղեցու ռմբակոծության առնչությամբ»,- ասել է նա էլեկտրոնային փոստով «ԱրմենիաՆաուին» ուղարկած մեկնաբանության մեջ:

Բազում հայեր, ովքեր այսօր ապրում են Սիրիայում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում, 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունից վերապրածների ժառանգներ են:

Ֆրանցիսկոս Պապի և պատրիարք Կիրիլի հանդիպման և տարածաշրջանում դրա ազդեցության համատեքստում Բարսամյանը նաև ընդգծել է անցյալ տարվա ապրիլին Հռոմում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ մատուցված պատարագի և Պապի ուղերձի կարևորությունը:

Պարզաբանելով հունվարին տված վերջին հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում Օսմանյան կայսրությունում իրականացված իրադարձությունների շուրջ իր հայտարարությունը` պատրիարք Կիրիլը կրկին վերահաստատել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու դիրքորոշումը 1915 թ. Հայոց ցեղասպանության նկատմամբ: Նրա ներկայացուցիչը` սարկավագ Ալեքսանդր Վոլկովը, հայաստանյան լրատվամիջոցներին ասել էր, որ 100 տարի առաջ հայերի ջարդերը նախադեպ են ստեղծել Իրաքում և Սիրիայում քրիստոնյաների մերօրյա հալածանքները համար: