Երկաթուղային դիվանագիտություն. Ադրբեջանը ձգտում է տապալել Իրանի հետ Հայաստանի հնարավոր պայմանավորվածությունները

Փետրվարի 23-ին Իրան է այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, բայց գլխավորը Իրանի և Ադրբեջանի երկաթուղիները միավորելու մասին փաստաթուղթն է, որ Բաքվում արդեն հասցրել են անվանել «Սարգսյանի` Պարսից ծոցի պարտություն»:

Իրանը յուրատեսակ մրցույթ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ակնարկելով, որ Եվրոպայի և Ռուսաստանի հետ հաղորդակցությունները կարող են անցկացվել կա՛մ Հայաստանի, կա՛մ Ադրբեջանի տարածքով: Սա էլ ստիպել է որոշակի քայլեր ձեռնարկել թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում:

Անցյալ շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանը անցկացրել էր խորհրդակցություն` Իրանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Համագործակցության առավել հավանական ոլորտներ են համարվել Իրան մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալների ավելացումը, ինչպես նաև Իրանում ներդրումներ կատարել ցանկացող արևմտյան կապիտալի համար հուսալի հարթակ դառնալու առաջարկը:

Հայաստանի տարածքով երկաթուղու մասին խոսվում է որպես չափազանց թանկ նախագծի մասին, որի համար ներդրումներ չեն տալիս: Բացի այդ, Ադրբեջանը և Թուրքիան ահա արդեն երկար տարիներ Հայաստանի շրջափակման քաղաքականություն են վարում և ամեն ինչ անում են, որ Իրանն ու Հայաստանը չհամագործակցեն և չփոխեն տարածաշրջանի լոգիստիկ սխեման:

Իրանի և Ադրբեջանի միջև երկաթուղին դեռ պետք է ավարտին հասցվի, և այս տարի խոստացել են իրանական և ադրբեջանական Աստարայի միջև կամուրջ կառուցել: Սակայն այս նախագիծն էլ հնարավոր է` մոռացված է, քանի որ կամուրջը ահա արդեն մի քանի տասնամյակ է` չի կառուցվում, ինչը վկայում է Իրանի տնտեսական շահագրգռության բացակայության մասին:

Այս երկաթուղին կարող է կապել Իրանը Ռուսաստանի հետ, որի հետ Թեհրանը կարող է հաղորդվել Կասպից ծովով: Բայց Իրանը կցանկանար ունենալ դեպի Սև ծովի եվրոպական ափ տանող ուղիներ, որի ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանով և Վրաստանով:

Փորձագետները չեն բացառում, որ Բաքուն Իրանի հետ պայմանավորվածության է հասել նախևառաջ հայ-իրանական հնարավոր համաձայնագրերը տապալելու համար: Սակայն հայ-իրանական երկաթուղին չի կորցրել արդիականությունը և կարող է ցանկացած ժամանակ ակտիվացվել, եթե քաղաքական անհրաժեշտություն և պայմաններ ի հայտ գան:

Գլխավոր պայմանը, իհարկե, ղարաբաղյան հակամարտության մասին հավանական պայմանավորվածությունն է, որը կներառի հաղորդակցությունների ապաշրջափակում: Սա նշանակում է, որ հնարավոր է` գործարկվի արդեն իսկ գոյություն ունեցող հայ-իրանական երկաթուղին Նախիջևանի տարածքով: