Տարածաշրջան. Հայաստանը ողջունել է Սիրիայում հրադադարի մասին համաձայնությունը

Տարածաշրջան. Հայաստանը ողջունել է Սիրիայում հրադադարի մասին համաձայնությունը


ՀՀ արտգործնախարարության նոր շենքը

Պաշտոնական Երևանը ողջունել է ‪‎Ռուսաստանի և ‪ԱՄՆ-ի‬ միջև համաձայնությունը՝ ‪Սիրիայում ‬ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ` հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում:

Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պայմանավորվել են Սիրիայում հրադադարի նոր ռեժիմի մասին, որն ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին, թեև հրադադարի կիրառման և հրադադարի խախտումներին արձագանքելու խոշոր հարցերը դեռ չեն լուծվել:

Այս երկու երկրները իրենց դաշնակիցների հետ կոալիցիաներ են կազմել Սիրիայում և Իրաքում իսլամական ահաբեկչության դեմ պայքարելու համար, սակայն տարբեր դիրքորոշում ունեն Սիրիայի ներկայիս կառավարության նկատմամբ:

Եթե համաձայնությունն իրականացվի, ապա այն հարաբերական անդորր կբերի գրեթե հինգ տարի ներքին հակամարտություններից և արտաքին միջամտությունից բզկտվող տարածաշրջանին:

2011-ի մարտին Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմը Բաշար ալ Ասադի ռեժիմի տապալմանը ձգտող ընդդիմության և կառավարական ուժերի միջև հետագայում վերածվեց «բոլորը բոլորի դեմ» առճակատման, որի ընթացքում իսլամական ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», Ջաբհաթ ալ Նուսրան, հաջողվեց վերահսկողություն հաստատել Սիրիայի և Իրաքի տարածքների զգալի մասի նկատմամբ:

Ռազմական գործողությունների սկզբից ի վեր, ըստ գնահատականների, մոտ 16.000 ազգությամբ հայեր են լքել իրենց տները Հալեպում և Սիրիայի այլ վայրերում ու տեղափոխվել պատմական հայրենիք` Հայաստան: Շատերը նաև ապաստան են գտել հարևան Լիբանանում և Եվրոպայի ու Ամերիկայի այլ երկրներում:

Սակայն բազում հայեր, ովքեր 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունից վերապրածների ժառանգներ են, դեռ շարունակում են մնալ Սիրիայում` տարբեր հավատքի և էթնիկ ծագման իրենց համերկրացիների հետ կրելով պատերազմի դժվարությունները: