Արամ Ա. Սիրիայի քրիստոնյաները պետք է մասնակցեն խաղաղ կարգավորման գործընթացինNews.am-ի փոխանցմամբ` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այս մասին հայտարարել է անցյալ շաբաթ Ժնևում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Նիկոլաս Միշելի և Սիրիայի հարցով բանագնաց Ստեֆան դը Միստուրայի հետ հանդիպմանը: Շուրջ երկու ժամ տևած խորհրդակցությունների ընթացքում Վեհափառ հայրապետը լսել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների տեսակետները Սիրիայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, ապա ներկայացրել իր պատկերացումները խաղաղության գործընթացի ու, մասնավորապես, քրիստոնյա համայնքների մասնակցության շուրջ։ Առաջին հերթին Վեհափառ հայրապետը շեշտել է, որ որպես նույն պարտավորությունները և իրավունքներն ունեցող համահավասար քաղաքացիներ` քրիստոնյաները գործուն մասնակցություն պետք է ունենան Սիրիայի քաղաքական կյանքում: Արամ Ա.-ն մի շարք գործնական առաջարկներ է ներկայացրել՝ հատկապես Ժնևում տեղի ունենալիք բանակցությունների առաջիկա հանգրվանին համայնքային ներկայացուցիչների մասնակցության ուղղությամբ։ Ներկաները համաձայնելով Նորին սրբության հետ` առաջարկել են, որ այդ հարցի շուրջ իր հետ խորհրդակցությունները շարունակվեն՝ շուտով կայանալիք բանակցությունների արդյունքների լույսի ներքո: Հիշեցնենք, որ Սիրիայի ճգնաժամի հետ կապված Արամ Ա կաթողիկոսը դը Միստուրայի հետ հանդիպում է ունեցել նաև անցյալ տարվա հոկտեմբերին: |
|