Փախստականների ճգնաժամ. Հայաստանը Եվրոպայի ուշադրությունն է հրավիրում սիրիացի փախստականների նկատմամբ իր ջանքերին

Մինչ Եվրոպան փորձում է գլուխ հանել վերջին շրջանում իր տարածքում քաղաքական ապաստան խնդրող, տարիներ ձգվող քաղաքացիական պատերազմից փախած սիրիացի փախստականների առաջացրած լրջագույն ճգնաժամից, Հայաստանն ի լուր Եվրամիության հայտարարում է, որ իր ներդրումն ունի հակամարտության պատճառով ստեղծված իրավիճակը մեղմելու գործում:

Այդ ներդրումը, փաստացի, Հայաստանը դարձնում է Սիրիայից գաղթած փախստականներին ապաստանած երրորդ երկիրը աշխարհում` հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանն ապաստան է տվել Սիրիայից ժամանած շուրջ 20 հազար փախստականների` այդպիսով հանդիսանալով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում»,- մարտի 13-ին Վիեննայում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության արտգործնախարարների հանդիպմանը ելույթ ունենալով ասել է Նալբանդյանը:

Արտգործնախարարը կարևորել է միգրացիայի հետ կապված խնդիրների լուծումները փնտրելիս դրանց պատճառներին անդրադառնալն ու ահաբեկչության դեմ միասնական պայքարը: Մինչ այդ Հայաստանի թիվ 1 դիվանագետն անդրադարձել էր այս խնդրին մարտի 1-ին Երևան այցելած Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանը:

Միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ` Նալբանդյանի անդրադարձը փորձ է Հայաստան ֆինանսական միջոցներ ներգրավելու: Քաղաքագետն առաջիններից է եղել, որ քննադատել է Հայաստանի իշխանություններին Սիրիայի վերաբերյալ միջազգային քննարկումներին չմասնակցելու համար:

«Օրինակ` Ցյուրիխում Հայաստանը որևէ ձևով չփորձեց էլ մասնակից լինել` ունենալով սփյուռք ու լինելով մերձարևելյան երկիր: Այս կտրվածքով ցավալիորեն մի կողմ քաշվեցին մեր իշխանությունները»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Սաֆարյանը:
«Եվ հիմա, երբ մեր իշխանությունները տեսնում են, որ նույն Թուրքիան, կոպիտ ասած, կարողանում է փող բերել սիրիացի փախստականների համար, իրենք էլ փորձում են ցույց տալ, որ ինչ-որ բան նաև Հայաստանում է արվում է, ու մեզ էլ պետք է օգնել»,- հավելում է քաղաքագետը՝ ուշացած որակելով այս քայլերը:

«Այս խնդիրների մասին ավելի վաղ էր պետք մտածել ու ամենակարևորը` նրանց Հայաստանում պահելու համար, քանի որ վերջին շրջանում տարբեր հրապարակումներ են լինում այս կամ այն սիրիահայ ընտանիքի մասին, որոնք լքում են Հայաստանը: Բայց, ցավոք, արտգործնախարարության հայտարարությունները ուշացած են ու անօգուտ»,- եզրափակել է Սաֆարյանը:

Տարբեր տվյալներով 2012-2015 թվականներին Հայաստան է եկել շուրջ 18-20 հազար սիրիացի փախստական, մեծ մասը` ազգությամբ հայ կամ հայի հետ ամուսնական կապի մեջ: Նրանցից մոտ 4-5 հազարը այնուհետ Հայաստանից մեկնել են այլ երկրներ: Ներկայումս Հայաստանում տարբեր գնահատականներով մոտ 13-16 հազար սիրիահայ կա, որոնց գերակշիռ մասը բնակվում է Երևանում:

Սիրիահայերին աջակցության քայլերը Հայաստանի կառավարությունը սկսել է ձեռնարկել դեռ 2012-ի ամռանը, երբ նրանց առաջին խմբերն էին գալիս Հայաստան: Օրինակ` սիրիահայ ուսանողները ազատված են ուսման վարձավճարից, գործարարներին արտոնյալ վարկային միջոցներ են տրամադրվել և այլն:

2015-ին հարձակումներն ուժգնացել են նաև Հալեպում ու հայաբնակ այլ սիրիական բնակավայրերում հայկական թաղամասերի վրա, ինչը սիրիահայերի` Հայաստան գաղթի նոր ալիք է բերել՝ սփյուռքի նախարարության տվյալներով՝ անցյալ տարի Հայաստան է եկել ավելի քան 2000 սիրիահայ: