Հնագույն քաղաքակրթություններ. Աթենք կատարած այցի ընթացքում Սարգսյանը ընդգծում է հայերի և հույների միջև դարավոր կապերը

Ներկայացնելով երկու հնագույն քաղաքակրթություն՝ հայ և հույն ժողովուրդները արարել են կողք կողքի՝ իրենց հետքը թողնելով համաշխարհային պատմության էջերում` ընդգծել է երկուշաբթի պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետության մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հունաստան կատարած երկօրյա այցի առաջին օրը Հայաստանի ղեկավարը Աթենքում հանդիպել է իր հույն պաշտոնակից Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ:

Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը նաև ընդգծել է այն հանգամանքը, որ Հունաստանն ապաստան է տվել 20-րդ դարի սկզբին հարևան Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի:

«Եվ այսօր հպարտությամբ եմ նշում, որ արմատներ ձգելով Հունաստանում՝ հայ համայնքն ամրացավ ու ծաղկեց՝ իր ստեղծագործ ներդրումը բերելով Հունաստանի շենացմանն ու նպաստելով հայ-հունական միջպետական համագործակցության ամրապնդմանը»,- ասել է Սարգսյանը` իր մամուլի ծառայության հաղորդմամբ:

Իր հերթին, նախագահ Պավլոպուլոսը նույնպես խոսել է երկու ժողովուրդների պատմական կապերի և Հայոց ցեղասպանության մասին: «Հպարտ ենք, որ Հունաստանն այն քիչ երկրներից էր, որ օթևան տվեց տարագիր հայերին, նաև Հունաստանն առաջին երկրներից էր, որ ճանաչեց հայերի դեմ գործված ցեղասպանությունը, իսկ մյուս կողմից` Հայաստանի խորհրդարանը ճանաչեց պոնտոսցիների դեմ գործված ցեղասպանությունը»,- ասել է նա:

Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են միջպետական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ` միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, փոխշահավետ մի շարք կարևոր ոլորտներում հայ-հունական գործակցության զարգացմանը, միջխորհրդարանական կապերին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:

Սարգսյանը և Պավլոպուլոսն անդրադարձել են նաև միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի, ներկայացրել դրանց շուրջ երկու երկրների մոտեցումները, խոսել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և դրանց զարգացման գործում բարեկամ Հունաստանի դերակատարության, Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում ստեղծված ճգնաժամի և դրա հետևանքով առաջացած մարդասիրական աղետի, փախստականների ճգնաժամի հետևանքների մասին, որն այսօր համաեվրոպական խնդիր է դարձել, իսկ Հունաստանի կառավարության համար՝ ամենօրյա լուրջ մարտահրավեր:

Այցի շրջանակներում նախագահ Սարգսյանը իր հույն պաշտոնակցի հետ Աթենքի Բյուզանդական և քրիստոնեական թանգարանում ներկա է եղել «Հայաստան. Արարատի ոգին» ցուցահանդեսի բացմանը, իսկ երեկոյան հանդիպում ունեցել Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Երկուշաբթի երեկոյան Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մարտի 15-ին ավելի ուշ Հայաստանի նախագահը Հունաստանից կշարունակի իր տարածաշրջանային այցը Կիպրոս: