Սահմանների հարց. Ռուսաստանի դուրս գալը Սիրիայից դիտվում է որպես տարածաշրջանային սահմանների վերաձևման հավանական նախերգանք

Մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անսպասելի հրաման է արձակել` դուրս բերել 2015 թ. սեպտեմբերի վերջին Սիրիա մտցրած զորքերի հիմնական մասը: Հայ փորձագետները իսկույն մտահոգություն են հայտնել, որ Ռուսաստանը, հնարավոր է` Սիրիայից և Ուկրաինայից «հեռանալուց» հետո իր ջանքերը կենտրոնացնի կովկասյան տարածաշրջանում:

Քաղաքագետներն ասում են, որ Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը կարող է նշանակել, որ Ռուսաստանը համաձայնել է Սիրիան բաժանելուն: Ինչպես ասում են փորձագետները, գոյություն ունի բաժանելու երկու եղանակ` կամ ձևականորեն պետության դաշնայնացման պահպանում, կամ առանձին պետությունների ստեղծում:

Կախված այն բանից, թե որ տարբերակը կընտրվի, տարածաշրջանում կզարգանան իրադարձությունները: Եթե միասնական Սիրիայի շրջանակներում դաշնայնացումը տեղի չունենա, և տարածաշրջանում սկսվի սահմանների վերաձևում, ապա այն անխուսափելիորեն կհանգեցնի ողջ տարածաշրջանում, այդ թվում`Թուրքիայում սահմանների վերանայման:

Ինքը Թուրքիան «պայթում» է ահաբեկչական հարձակումներից և քրդական դիմադրությունից: Եվ ավելի հաճախ ընդդիմությունը և իշխանության ներկայացուցիչները խոսում են Թուրքիան բաժանելու «միջազգային հանրության» մտադրության մասին` նպաստելով «Մեծ Քրդստանի» ստեղծմանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 15-ին այցելել էր Թուրքիա: Այդ օրը նախատեսվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ադրբեջան, սակայն նա ստիպված էր երկրորդ անգամ հետաձգել այցը Բաքու խոշոր ահաբեկչական հարձակման հետևանքով: Ալիևի այցի ընթացքում նախագահները վերահաստատել են ղարաբաղյան թեմայի և երկրների տարածքային ամբողջականությունը պահպանելու շուրջ երկրների դիրքորոշումների ընդհանրությունը:

Տարածքային ամբողջականությունը, ըստ երևույթին, դառնում է տարածաշրջանում գործընթացների գլխավոր մեկնակետը: Մարտի 15-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը բացասական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, քանի որ այն «ենթադրում է սահմանների փոփոխություն»: Օրինագիծը ներկայացվել էր Ռուսաստանի Պետդումա այն բանից հետո, երբ 2014-ի նոյեմբերին Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռը, և երկու երկրների միջև հարաբերությունները վատացան:

Փորձագետներն ասում են, որ չնայած Թուրքիայի հետ հարաբերությունների վատացմանը` Ռուսաստանը սրբորեն կպահպանի նրա տարածքային ամբողջականությունը, քանի որ Թուրքիայի հյուսիսային սահմանները որոշված են Ռուսաստանի հետ պայմանագրերով, և դրանց վերանայումը Ռուսաստանի համար հղի է կովկասյան տարածաշրջանում ազդեցության կորստյամբ:

Այսկերպ տարածաշրջանում ձևավորվել է Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան եռանկյունին, որը կանգնած է ներկայիս բաժանված սահմանների պահպանության դիրքերում: Այս սահմանները չի ճանաչել Հայաստանը, օրինակ` Երևանը մինչ օրս չի ճանաչել հայ-թուրքական սահմանը, որը սահմանված է ռուս-թուրքական պայմանագրով:

Ռուսական զորախմբի դուրսբերումը Սիրիայից բազմաթիվ փորձագետներ գնահատել են որպես Ռուսաստանի յուրօրինակ նահանջ սահմանների վերանայման հարցում: Եվ հիմա շատերը սպասում են հաջորդ քայլին` հիմնական ռազմական զարգացումների տեղափոխում Թուրքիայի տարածք: