Ստամբուլում պայթյունի հետևանքով հայ է վիրավորվել

Թուրքիայի հայազգի քաղաքացի է վիրավորվել Ստամբուլի կենտրոնում շաբաթավերջին տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

40-ամյա Օքսան Խաչանյանը գտնվել է աշխատավայրում, երբ քաղաքի կենտրոնում ռումբ է պայթել` հաղորդել է Ստամբուլի «Ժամանակ» հայկական թերթի խմբագիր Արա Գոչունյանը Հայաստանի հանրային ռադիոյին:

Ըստ տեղեկությունների` նրա կյանքին վտանգ չի սպառնում, և նա բուժվում է հիվանդանոցում։

Շաբաթ օրը մահապարտ ահաբեկչի ռումբի պայթյունից զոհվել են առնվազն 5 մարդ, 36-ը վիրավորվել` ասում են պաշտոնյաները: Ռումբը պայթել է կառավարության շենքի մոտակայքում` Իսթիքլալ փողոցում: Թուրքիան ասում է` հարձակման հետևում կանգնած է ԻԼԻՊ-ի հետ կապեր ունեցող թուրք:

Սա Թուրքիայում այս տարի արդեն չորրորդ ահաբեկչությունն է: Մեկ այլ ստամբուլահայ` Ռուդի Սայաթ Փուլաթյանը` Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի ուսանող, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, վիրավորվել էր անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած խոշոր պայթյունների հետևանքով: