Հայաստան-Վրաստան. էներգետիկայի, անվտանգության հարցեր` հարևանների երկկողմ օրակարգում

Այսօր Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն են քննարկվել Երևանում Հայաստանի քաղաքական ղեկավարության, այդ թվում` նախագահ Սերժ Սարգսյանի հետ Վրաստանի արտգործնախարար Միխաիլ Ջանելիձեի հանդիպումների ընթացքում:

Ըստ փորձագետների` բացի անվտանգության հարցերից, Երևանի և Թբիլիսիի միջև երկկողմ օրակարգի առանցքային հարցերից մեկն է դառնում նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը, և այսօր, ամենայն հավանականությամբ, այդ հարցերը ևս կշոշափվեն բանակցությունների ընթացքում:

Վրաստանը պատրաստվում է ապրիլի 11-13-ը հյուրընկալելու Ռուսաստանի, Հայաստանի, Իրանի և Վրաստանի էներգետիկայի նախարարների քառակողմ հանդիպումը: Այս մասին մարտի 17-ին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների Լևոն Յոլյանը:

Առաջին նման հանդիպումը կայացել էր անցյալ տարի դեկտեմբերին Երևանում, որի ընթացքում ստորագրվեց չորս երկրների համագործակցության մասին հուշագիր: Սակայն Թբիլիսիի հանդիպումը կարող է ուշագրավ լինել այն բանով, որ 2008 թ. հնգօրյա ռուս-վրացական պատերազմից ի վեր առաջին անգամ Վրաստան կայցելի ռուս պաշտոնյան Փորձագետները կարծում են, որ Հայաստանը կարող է դառնալ վրաց-ռուսական երկխոսության վերսկսման յուրատեսակ միջնորդ:

2016-ի սկզբին Ռուսաստանն ու Վրաստանը ինտենսիվ բանակցություններ էին վարում գազի գների վերանայման և մատակարարման պայմանների, ինչպես նաև Հայաստան բնական գազի տարանցման պայմանների շուրջ, բայց, ի վերջո, չկարողանալով համաձայնության գալ նոր պայմանների շուրջ, կողմերը պայմանավորվեցին պահպանել տարանցման գինը նույն մակարդակի վրա` մատակարարվող գազի 10 տոկոսը: Այդուհանդերձ, կողմերը կարող են նաև համագործակցել էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում:

Նախատեսվում է մինչև 2018 թվականը շահագործման հանձնել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը և բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանը: Նախատեսվում է նաև նույն թվականին շահագործման հանձնել Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը: Հավանաբար, Ռուսաստանը նույնպես ցանկանում է միանալ այդ շղթային:

Սակայն վերլուծաբանները կարծում են, որ Երևան վրացի բարձրաստիճան դիվանագետի այցի ընթացքում գլխավոր հարցը կլինի երկու հարևանների միջև նոր հարաբերությունները` Վրաստանի կողմից Եվրատլանտյան դաշինքի ուղեգծի հստակեցումից և Հայաստանում ռուսական ռազմակայանի ամրապնդումից հետո:

Վրաստանի անվտանգության խորհուրդն այս շաբաթ ավելի վաղ ճանաչել էր Ռուսաստանը որպես Վրաստանի համար գլխավոր սպառնալիք: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն աջակցություն են հայտնել Վրաստանին: Եվ հարկ է նշել, որ Վրաստանի արտգործնախարար Ջանելիձեն Հայաստան է այցելում Միացյալ Նահանգներ կատարած այցից հետո, որտեղ վերահաստատել են ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ռուսական օկուպացիայի «անընդունելիությունը»:

Վրաստանը վերջերս փոխել է բանակի կառուցվածքը և ստեղծել երկու զորախմբեր, որոնցից մեկը, ըստ պաշտոնական տեղեկատվության, պետք է դիմակայի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայից բխող սպառնալիքին: Չի բացառվում, որ Վրաստանը փորձում է Հայաստանից երաշխիքներ ստանալ, որ ռուսական ռազմաբազան գործողություններ չի կատարի Վրաստանի դեմ: Սակայն բաց է մնում այն հարցը, թե արդյոք Հայաստանը կարո՞ղ է նման երաշխիքներ տալ: