Փախստականներ ընդունած երկիր. Երևան ձգտում է միջազգային օգնություն ապահովել սիրիահայերի համար

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կոչ է արել ավելի մեծ միջազգային օգնություն տրամադրել հազարավոր սիրիահայերի, ովքեր ապաստան են գտել Հայաստանում Սիրիայում 2011 թ. հակամարտության սկզբից ի վեր:

«Այսօր Սիրիայից շուրջ 20 հազար փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Սա զգալի թիվ է ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար, որը ոչ վաղ անցյալում արդեն հարյուր հազարավոր փախստականների էր ընդունել Ադրբեջանից»,- ասել է Նալբանդյանը Ժնևում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) կազմակերպած բարձր մակարդակի հանդիպմանը:

«Հիրավի, մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում լինել փախստական և ապաստան տալ մեծ թվով տեղահանվածների, և, անշուշտ, այս քննարկմանը մասնակցում ենք համերաշխության և պատասխանատվության բարձր զգացումով»,- հավելել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` իր մամուլի ծառայության փոխանցմամբ:

Վկայակոչելով Հայաստանի փորձը, Նալբանդյանը նշել է, որ նման խոշոր չափերի հասնող հումանիտար ճգնաժամերի հաղթահարումը պահանջում է «համախմբում, ինչն առանձին մի երկրի ուժերից վեր է»:

«Դա ճշմարիտ է փախստականներ ընդունած յուրաքանչյուր երկրի պարագայում, սակայն, հավանաբար, առավել մեծ չափով դա վերաբերում է սահմանափակ ռեսուրսներ ունեցողներին: Ցանկանում ենք միջազգային դոնոր հանրության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ փախստականներին ապաստան տված երկրներին աջակցություն ցուցաբերելու հանձնառությունը չպետք է պայմանավորված լինի միայն աշխարհագրական դիրքով, այլ` պատասխանատվության առավել արդարացի բաշխման սկզբունքով` առանց որևէ տարբերակման` փախստականների միջազգային պաշտպանության ոգուն համապատասխան» - ասել է նա:

«Հայաստանը, իհարկե, շարունակելու է անել առավելագույնը` հոգ տանելու մեր երկրում ապաստան գտած սիրիացիների մասին: Մենք կողջունենք Հայաստանին օժանդակության տրամադրումը` Սիրիայից գաղթած փախստականների առաջնահերթ հումանիտար կարիքները հոգալու և մեր երկրում նրանց ինտեգրմանը աջակցելու նպատակով: Դրա համար Հայաստանի կառավարությունն իրականացրել է համապատասխան օրենսդրական փոփոխություններ` ի թիվս այլոց դյուրացնելով մուտքի արտոնագրի տրամադրումը, մշտական բնակության իրավունքի կամ քաղաքացիության ձեռքբերումը, ձեռներեցության զարգացումը, անհրաժեշտ բժշկական աջակցության և անվճար շտապ օգնության ստացումը, համալսարանական կրթաթոշակների տրամադրումը»:

Հայաստանի կառավարության գնահատմամբ` ավելի քան 16 հազար սիրիահայեր ներկայումս ապաստան են գտել Հայաստանում: Նրանցից շատերը բախվել են սոցիալ-տնտեսական խնդիրների մի երկրում, որի բնակչության մեծ մասն ունի ցածր եկամուտ, իսկ գործազրկության մակարդակը բավականին բարձր է:

Սիրիայում հակամարտությունից փախած հայերին աջակցություն է տրամադրում նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որը աշխարհի ամենախոշոր հայկական շահույթ չհետապնդող կազմակերպությունն է: 2012-ից ի վեր ամբողջ աշխարհում ՀԲԸՄ համայնքը 3,2 մլն դոլար է հանգանակել որպես աջակցություն Մարդասիրական շտապ օգնության հիմնադրամին, որն օժանդակում է Սիրիայում և արտասահմանում հաստատված սիրիահայերին:

Սիրիահայերի աջակցության ծրագրի շրջանակներում մարտի 30-ին Երևանում Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն ՀԿ-ին է տրամադրվել ֆրանսահայ Գուրդիկյան ընտանիքի նվիրաբերած 155 հազար եվրո (մոտ 175 դոլար) ընդհանուր արժեքով հագուստ: