Հակակրա՞նք, թե՞ պայմանագրի խախտում. Գյումրու բնապահպանական կենտրոնը բախման մեջ է մարզպետի հետ

Շիրակի մարզի «Օրհուս» բնապահպանական կենտրոնը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, և, ըստ կենտրոնի համակարգողի` պատճառը կենտրոնի բնապահպանական գործունեությունն է, որ «խառնել է Շիրակի մարզպետարանի հաշիվները»:

Հիմնադրման պահից` 2007 թ.-ից, կենտրոնում որպես համակարգող աշխատող Գևորգ Պետրոսյանը «ԱրմենիաՆաուին» ասաց, որ անցյալ տարի իրենց կենտրոնը զեկուցել է Գյումրու կենտրոնի կանաչ տարածքում Շիրակի մարզպետի իրականացրած ապօրինի ծառահատումների մասին: «Օրհուսը» զեկուցել է նաև ապօրինի շինարարության մասին:

Կենտրոնը փակվել է դեռ անցյալ շաբաթ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի հանձնարարականով` այն պատճառաբանությամբ, որ ավարտվել է համակարգող Պետրոսյանի հետ կնքված պայմանագիրը: Ըստ Պետրոսյանի` պայմանագրով ՀՀ Շիրակի մարզպետարանը պատասխանատվություն է կրում կենտրոնի գույքի համար, ի պահ է վերցնում այն, մինչև նոր պայմանագրի կնքումը:

Կենտրոնը ստեղծվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ բնապահպանության նախարարության և Շիրակի մարզպետարանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա:

Ինչպես «ԱրմենիաՆաուին» տեղեկացրեց Պետրոսյանը, անցյալ տարի նույն ժամանակատվածում, երբ լրացել էր իր պայմանագրի ժամկետը, մարզպետարանը նման քայլի չէր դիմել, և ինքն առանց պայմանագրի աշխատել էր երկու ամիս:

Կենտրոնը նաև վարչական դատարան հայց է ներկայացրել Շիրակի մարզպետի դեմ` Արթիկ քաղաքում ջրագծի անցկացման նպատակով տրամադրած շինարարության թույլտվության համար, որը տրվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության:

«Այսօր մարզպետարանը վրեժ է լուծում Գյումրու «Օրհուս» կենտրոնից` իր աշխատանքը պարտաճանաչ և բարեխիղճ կատարելու համար»,- ասում է Պետրոսյանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակից «ԱրմենիաՆաուին» տեղեկացրին, որ շուտով կենտրոնի համակարգողի հետ նոր պայմանագիր կկնքվի, և այն կշարունակի իր գործունեությունը: Շիրակի մարզպետարանի լրատվության պատասխանատուն ասաց, որ ինքը տեղեկություններ չունի կենտրոնի փակման վերաբերյալ, իսկ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը չէր պատասխանում հեռախոսազանգին: