Սևանա լիճ. խնդիրներ և հեռանկարներ

Երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանն ասաց, որ առաջիկա 3-4 տարիների ընթացքում ձկնապաշարների պահպանման և Սևանա լճի էկոլոգիայի պաշտպանության նպատակով բոլոր տեսակի ձկների որսը լճում կարգելվի:

Սևանա լճի գլխավոր խնդիրը ջրի մակարդակի կտրուկ նվազումն է, որը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր: Ջրի մակարդակի իջնելը հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման: 80-ականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը` Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար: Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից:

Մամուլի ասուլիսի ժամանակ Մովսիսյանն ի մի բերեց 2009 թ. հանձնաժողովի գործունեության արդյունքները (հանձնաժողովը ստեղծվել է 2008 թ. վերջին): Հանձնաժողովի նախագահը հաղորդեց, որ 2009 թ. Սևանա լճի մակարդակը բարձրացել է 38 սանտիմետրով` հասնելով 1899 մետրի: Հանձնաժողովն իր առջև խնդիր է դրել մինչև 2031 թ. Սևանի մակարդակը հասցնել 1903 մետրի, այսինքն` ամեն տարի 20 սանտիմետրով բարձրացնել ջրի մակարդակը:

Մովսիսյանի խոսքով` ջուրը վերոնշյալ մակարդակի բարձրացնելու դեպքում առափնյա 1697 շենք և շինություն կհայտնվեն ջրի տակ: Դրանցից միայն 481-ն են օրինական հիմունքներով կառուցվել, և նրանց տերերը փոխհատուցում կստանան: Մյուսներն ապօրինի են և կքանդվեն:

Բացի այդ, Մովսիսյանը նշեց, որ լճի երկայնքով ձգվող ավտոմայրուղու 15 կիլոմետրը նույնպես կհայտնվի ջրի տակ: Այլ տեղում ճանապարհ կառուցելու նպատակով կհատկացվի 4,3 մլրդ դրամ (11,4 մլն դոլար):

Հանձնաժողովի նախագահի խոսքով` 2009 թ. 600 հեկտար ափամերձ անտառածածկ տարածք է մաքրվել: Լիճ է բաց թողնվել «գեղարքունիք» (Սևանի իշխանի տեսակ) տեսակի 307 000 մանրաձուկ: