SOS. դիմում են ռոք աստղին` «բնապահպանական երգի» համար

Բնապահպանական հարցերով զբաղվող խումբը, որը պայքարում է Հայաստանի հյուսիսում վտանգված անտառի պահպանության համար, ցանկանում է, որ հայտնի ռոք աստղն աջակցի իրենց` երգ գրելով:

«SOS. Թեղուտը» պատրաստվում է նամակ գրել նախկին «Սիսթըմ օֆ ը դաուն» խմբի առաջատար երգիչ Սերժ Թանգյանին` խնդրելով նոր երգ գրել, որը վեր կհանի Հայաստանի բնապահպանական խնդիրները:

«Հաշվի առնելով, որ նա իր երգարվեստով պարբերաբար բարձրաձայնում է մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոշեցինք այս առաջարկով դիմել նրան: Բացի այդ, առաջարկելու ենք նրան նաև հատուկ բնապահպանական խնդիրներին նվիրված համերգային ծրագրով գալ Հայաստան»,- «ԱրմենիաՆաուին» ասաց «SOS. Թեղուտի» երիտասարդ ակտիվիստ Հրայր Սվազյանը:

Ակտիվիստները կարծում են, որ այս կերպ կարող են կանգնեցնել հանքավայր շահագործելու համար Թեղուտի անտառների ոչնչացման ներկա գործընթացը:

Ամերիկահայ երգիչ և երգահան Թանգյանը հայտնի է քաղաքացիական դիրքորոշմամբ աչքի ընկնող ստեղծագործություններով, Հայոց ցեղասպանության ճանաչման, մարդու իրավունքների և կենդանիների պաշտպանության լոբբինգով: