Սերժ Թանգյանը` «SOS. Թեղուտին». սփյուռքահայ ռոք աստղը պատասխանում է բնապահպանների առաջարկին

Սփյուռքի հայկական հայտնի ռոք խմբի երգիչը, կարելի է ասել, դրական է պատասխանել Հայաստանի բնապահպանական խնդիրներով զբաղվող կազմակերպության խնդրանքին`վտանգված անտառի պաշտպանությանն ուղղված շարունակական պայքարը սատարող երգ գրել:

Հայաստանի երիտասարդ բնապահպանները բողոքի ձայն են բարձրացրել Հայաստանի հյուսիսային հատվածում` Թեղուտում, հանքարդյունաբերություն ծավալելու դեմ` զգուշացնելով, որ այս գործընթացը վտանգ է ներկայացնում տեղի անտառի և ոչնչացման եզրին կանգնած հազվագյուտ բուսական և կենդանական աշխարհի համար:

Անցյալ շաբաթ «SOS. Թեղուտը» նամակով դիմել էր նախկին «Սիսթըմ օֆ ը դաունի» առաջատար երգիչ Սերժ Թանգյանին` խնդրելով նրան նոր երգ գրել, որը վեր կհանի Հայաստանում բնապահպանական խնդիրներ:

Այս շաբաթ «SOS. Թեղուտի» բլոգում տեղադրված ինֆորմացիայի համաձայն` «Սերժիքըլ սթրայք ռեքորդս»-ի մենեջեր Ջորջ Տոնիկյանը պատասխանել է կազմակերպությանը, որ «Ես կտեսնեմ, թե արդյո՞ք ունենք մի այնպիսի երգ, որը կարող ենք թույլ տալ, որ ձեր շարժումն օգտագործի ոչ առևտրային նպատակներով»: Տոնիկյանը նաև ներկայացրել է խնդրի առնչությամբ Թանգյանի խոսքը.

«Վայրի բնության և շրջակա միջավայրի ոչնչացումն այլևս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անվան տակ: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանի վրայով` սեփական գոյատևման և ամեն ինչի կործանման միջև: Հիմնվելով մեր պատմական անցյալի և ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա` սննդի, ջրի և էներգետիկայի հարցում վստահությունը սեփական ուժերին չափազանց կարևոր են: Վայրի բնության ավերումը և դրա հետևանքով մթնոլորտում ավելացող կարբոնային արտանետումները պայմաններ են ստեղծել գլոբալ տաքացման համար, ինչը խիստ սահմանափակում է մեր ինքնավստահությունը: Հանքարդյունաբերությունը դեմ է մեր համատեղ շահերին` որպես ժողովուրդ և պետություն»:

(http://bnamard.blogspot.com/2010/02/serj-tankiane-miacel-e-teghuti.html)

«SOS. Թեղուտի» ակտիվիստներից Հրայր Սվազյանն ավելի վաղ հայտնել էր «ԱրմենիաՆաուին», որ կազմակերպությունը Թանգյանին ուղղված նամակում նաև առաջարկել է հայտնի ռոք աստղին բնապահպանական խնդիրներին նվիրված համերգային ծրագրով հանդես գալ Հայաստանում:

Ամերիկահայ երգիչ և երգահան Թանգյանը հայտնի է քաղաքացիական դիրքորոշմամբ աչքի ընկնող ստեղծագործություններով, Հայոց ցեղասպանության ճանաչման, մարդու իրավունքների և կենդանիների պաշտպանության լոբբինգով: