Կանաչ քոլեջ. Հայաստանի բնապահպանները նախատեսում են ստեղծել առաջին բնապահպանական քոլեջը ԱՊՀ տարածաշրջանում

Հայաստանի բնապահպանների կարծիքով` երկրում առկա բնապահպանական խնդիրների գլխավոր պատճառներից մեկը ոլորտի մասնագետների բացակայությունն է: Հայաստանում միջին մասնագիտական կրթական հաստատություններում չեն ուսումնասիրում բնապահանություն առարկան, թեև բնապահպանության և էկոլոգիայի ֆակուլտետ կա մի քանի բարձրագույն կրթական հաստատություններում, այդուամենայնիվ, մասնագետների պակաս կա, որոնք կարող են հուսալի գնահատական տալ կամ պատշաճ մոնիթորինգ անցկացնել:

Այդ խնդիրը որոշ չափով լուծելու համար Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասնագետները (FPWC) նախատեսում են բնապահպանական քոլեջ ստեղծել (2 տարվա ընթացքում) Հայաստանում (որը միակն է լինելու ԱՊՀ տարածաշրջանում), որտեղ դասավանդելու են ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն:

Ըստ հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի` քոլեջի ստեղծման գաղափարը ծագել է մեկ տարի առաջ, երբ իր կազմակերպությունը Կանադայում մասնակցել է Համաշխարհային էկոլոգիական կրթության կոնգրեսին` ներկայացնելով իր կողմից էկոլոգիական կրթությունը զարգացնելու համար ստեղծված էկոակումբների գործունեությունը` զարգացնելու բնապահպանական կրթական ծրագրերը Հայաստանի մարզերում:

«Փորձի փոխանակման արդյունքում մենք հասկացանք, որ Հայաստանում ևս պետք է ստեղծվի քոլեջ ԱՄՆ և Գերմանիայի քոլեջների մոդելով, քանի որ այսօր Հայաստանում բնապահպանական կրթությունը շատ վատ վիճակում է»,- ասում է Խաչատրյանը:

Քոլեջն առաջարկելու է երկամյա կրթություն միջնակարգ դպրոցի շրջանավարտներին (վարձավճարը դեռ սահմանված չէ) մի քանի ֆակուլտետներում, ինչպես օրինակ` բնապահպանական հետաքննական լրագրության, վիդեոարվեստի, բնապահպանական դիզայնի և այլ ուղղություններով:

Բնապահպան Ինգա Զարաֆյանի կարծիքով`շատ կարևոր է, որ նման քոլեջներ ստեղծվեն, քանի որ այսօր պետք են մարդիկ, ովքեր կկարողանան գնահատել բնապահպանական վնասները և կատարել ճիշտ վերահսկողություն:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հավանություն է տվել այս մտահղացմանը: