Բացօթյա կինոթատրոնի համար երիտասարդ երևանցիների բողոքի ակցիան սոցիալական համացանցի միջոցով

Բացօթյա կինոթատրոնի համար երիտասարդ երևանցիների բողոքի ակցիան սոցիալական համացանցի միջոցով


Երևանի միակ բացօթյա դահլիճի քանդվելու դեմ ուղղված խմբի ձևավորումը www.facebook.com սոցիալական համացանցում ապացուցում է, որ Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, ինտերնետը վաղուց դարձել է նաև սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնելու միջոց:

Մարտի սկզբին ՀՀ կառավարությունը որոշեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի զբաղեցրած տարածքը (Աբովյան 18) տրամադրել Մայր Աթոռ Սբ Էջմիածնին` 1930-ականներին քանդված Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին վերականգնելու համար։

Այս որոշումն աղմուկ բարձրացրեց ինչպես ճարտարապետների, այնպես էլ երիտասարդների շրջանում: Արդյունքում` շահագրգիռ երիտասարդները հատուկ նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, որոնց պատասխանին դեռ սպասում են.

«Մենք դեմ ենք ոչ թե Հայ Առաքելական եկեղեցուն, այլ այն երևույթին, որ մշակութային արժեքների հաշվին են ուզում վերականգնել եկեղեցիները»,- «ԱրմենիաՆաուի» հետ զրույցի ժամանակ իրենց բողոքն այսպես արտահայտեց «Փրկե´ք «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը» խումբը ստեղծելու նախաձեռնողներից 28-ամյա ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը:

Երկու օրվա ընթացքում խումբն արդեն հասցրել է ձեռք բերել 2000-ից ավելի անդամներ (http://www.facebook.com/group.php?gid=343138923439), իսկ նախագծին դեմ արտահայտվողների թվում են հայտնվել ճանաչված մարդիկ` գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, 30-ից ավելի ճարտարապետներ և այլք:

«Չգիտեմ` ով է առաջինը որոշել իրականացնել այս նախագիծը, բայց վստահ եմ, որ դրդապատճառներն ավելի շատ ցուցադրական են, քան հայրենասիրական կամ եկեղեցասիրական,- «ԱրմենիաՆաուին» ասաց Ֆլորիդայի պետական համալսարանում ուսանող հայազգի Սեդա Գրիգորյանը, որը հենց ինտերնետից է տեղեկացել խնդրի մասին և անմիջապես գրանցվել խմբում: - Մենք բազմաթիվ կինոթատրոններ ենք ունեցել, բայց մեր պետությունը հետևողականորեն վերացրել է դրանք` թողնելով միայն երկուսը (նկատի ունի «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոնները): Այժմ էլ ուզում են բացօթյա դահլիճը քանդել»:

Գրիգորյանը հիշում է այնտեղ կազմակերպած ռոք համերգները, այլ երիտասարդներ չեն մոռանում անցյալ ամառ մեկ ու կես ամիս տևած «Բաց երաժշտություն փառատոնը»: