Բերդի արջուկներ. նորվեգական բիզնես հմտությունն ու հայկական ձեռքի շնորհքը

Բերդի արջուկներ. նորվեգական բիզնես հմտությունն ու հայկական ձեռքի շնորհքը

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Հայաստանի հեռավոր մարզերում ապրող տասնյակ եռանդուն կանայք, հավատալով իրենց ուժերին և մի քանի օտարերկրացիների խորհուրդներին, ձեռնարկել են սեփական շնորհքով ու հմտություններով իրենց օրվա հացը վաստակելու գործը:


Երևանից 200 կմ հեռավորության վրա գտնվող Բերդ քաղաքի սովորական շենքերից մեկի սովորական մի սենյակում կանայք պատրաստում են Բերդի արջուկին: Կոճակներից պատրաստված նրա աչքերն այդ հոգսաշատ կանանց ձեռքերում միամիտ ու բարի արտահայտություն են ստանում, իսկ գործած բրդե բաճկոնակները` տարբեր երկրների դրոշների նախշերով, Բերդի արջուկներին տանում են աշխարհի տարբեր ծայրեր:

Արջուկները պատրաստում են «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամի» 16 կանայք: 2011-ի մարտից գործող հիմնադրամի նախագահ 29-ամյա Անահիտ Բադալյանը, որը 6 տարի Երևանի պետական համալսարանում ժուռնալիստիկա սովորելուց հետո վերադարձել է Բերդ, այսօր արդեն մտածում է, որ իրենց գործն ի սկզբանե հաջողությամբ սկսվեց:

Երբ Բադալյանը հետաքրքրվել էր հիմնադրամի գրանցման գործընթացներով, նրան ասել էին, որ պետք է 300 դոլար կաշառք տա կնիքի համար:

«Ինձ ապշեցրեց արդարադատության նախարարության փոխված աշխատաոճը` ոչ մի կաշառք, նորմալ վերաբերմունք, շատ արագ ամեն ինչ արեցին, նույնիսկ պատասխանատուն զանգում էր ու ասում, որ կանոնադրության էսինչ տողը փոխում է, որ լավ լինի… Շատ կարճ ժամանակ անց ես գնացի նաև կնիքի հետևից, մուծեցի ընդամենը 15.000 դրամ (մոտ 40 դոլար), պետական որոշ տուրքեր, ու ամեն ինչ պատրաստ էր»,- հիշում է նա:

Մինչ այդ Խաղաղության կորպուսի կամավոր Ջոն Հարթի միջամտությամբ Բերդ էր գնացել Հայաստանում Ֆինլանդիայի ու Նորվեգիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրայթը, որը ավելի քան տասը տարի աշխատել է Հայաստանի ՀԿ-ների և գործակալությունների հետ և օգնել հարավային շրջաններում ապրող կանանց համանման ծրագրեր իրականացնելու գործում: Սթրայթը նույնիսկ փոքր խանութ է բացել Երևանում, որտեղ վաճառվում էին ձեռքի աշխատանքներ:

«Թիմը եկավ, ես հավաքեցի կանանց, նա նայեց նրանց աշխատանքները, հանկարծ աչքն ընկավ ձեռագործ մի արջուկ, որը գործել էին Քույր Հաննայի խմբակի կանայք (Քույր Հաննան լիբանանաբնակ գերմանուհի է, որը 7 տարի է անցկացրել Բերդ քաղաքում ու մի շարք կանանց ձեռագործ սովորեցրել): Թիմը հարցրեց, թե արդյոք կարող են այդ արջի նման գործել, կանայք ասեցին` «գործելու տեսանկյունից ամեն ինչ էլ կարող ենք»:

Անցել է 9 ամիս, կանայք արդեն 100 արջուկ են պատրաստել, որոնք բոլորը վաճառվել են Սթրայթի ջանքերով: Սակայն դրանով չեն սահմանափակվել, նոր գաղափարների իրացում են սկսել. պատրաստել են KASSart ստուդիայի ու Homeland Handicrafts ՀԿ-ի համագործակցությամբ ստեղծված բնապահպանական թեմայով մուլտֆիլմի հերոսներին` երկու արջուկներ, ագռավ, մեղու ու թիթեռ: Բացի այդ, կանայք նաև մրգերից ու հատապտուղներից ջեմ ու մուրաբա են պատրաստում:

«Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի» կանանցից յուրաքանչյուրն աշխատանքի ամեն մի ժամի համար 440 դրամ է (մոտ 1,2 դոլար) վաստակում, ինչը բավարար թվով պատվերների առկայության պարագայում ամսական մոտ 70.000 դրամ (գրեթե 200 դոլար) է կազմում: Մինչև 90-ականները Բերդը եղել է արդյունաբերական քաղաք, այստեղ գործում էին ռելեի, ծխախոտի, գորգագործական, գինու, պահածոների գործարաններ, պանրագործարան: Գործարանների աշխատողների 80 տոկոսը կանայք էին: Հիմա նրանց զգալի մասը գործազուրկ է, ու կրկին գումար վաստակելու այս հնարավորությունը մեծ ձեռքբերում է:

Homeland Handicrafts ՀԿ-ն հիմնել է Սթրայթը մարզերի կանանց համար ավանդական մեթոդներով ու ավանդական նյութերի օգտագործմամբ աշխատատեղեր ստեղծելու նպատակով: 2010-ի մայիսից ՀԿ-ն սկսել է համագործակցել Հայաստանի հարավային մարզի` Սյունիքի Գորիս, Կապան ու Մեղրի քաղաքների հետ:

«Մենք օգտագործում ենք նրանց մեթողները և ստեղծում նոր արտադրանք, այսինքն` ավանդական մեթոդներ, ավանդական նյութեր, բայց նոր արտադրանք: Հենց դա է, որ մարդկանց հրապուրում է»,- ասում է Սթրայթը, որ 25 տարի զբաղվել է արտադրանքի զարգացմամբ և փորձում է մարզերում բնակվող կանանց բիզնես մտածելակերպ ու գործելակերպ ուսուցանել հենց գործի միջոցով` փաթեթավորում, մակնշում, վերջնաժամկետներ, որակի կառավարում:

Այժմ, երբ արտադրությունը շարունակվում է, ըստ Սթրայթի` ժամանակն է, որ կանայք սկսեն զբաղվել շուկայով` ներկայանալ ու ներկայացնել արտադրանքը` օգտագործելով ներկայումս հասանելի ինտերնետային անվճար հարթակները` սոցիալական ցանցեր և այլն:

«Անկեղծ ասած` նրանցից ոչ մեկը դեռևս գործարար կին չէ: Հաջորդ փուլում պետք է առանց օգնության հաճախորդներ փնտրել, և հենց որ դա նրանց հաջողվի, հոյակապ կլինի: Նրանք ինքնուրույն դա պետք է բիզնեսի վերածեն, պետք է իրենց արտադրանքի մարքեթինգով, արտահանմամբ զբաղվեն, գտնեն շուկաներ իրենց արտադրանքն իրացնելու համար,- ասում է Սթրայթը: - Երբեմն մենք ձախողվում ենք, ինչպես եղավ Մեղրիի դեպքում, երբեմն արագ հաջողության հասնում, ինչպես, օրինակ` Բերդում, երբ սկսում ենք զրո գումարով: Հոկտեմբերն է, ու ես ողջ արտադրանքը վաճառել եմ և նրանց համար 50 նոր արջուկ պատվիրել»:

Մինչ այժմ արջուկները վաճառվել են բացառապես Հայաստանում և ճամպրուկներով հասցվել գնորդներին: Այժմ արջուկները, որոնք արժեն 15.000 դրամ (մոտ 40 դոլար), կարելի է պատվիրել Սթրայթի (http://homeland-handicrafts.blogspot.com) կամ Անահիտ Բադալյանի (http://berd-women.blogspot.com) բլոգների միջոցով կապ հաստատելով:

Սա ոգեշնչում է Բադալյանին, որը սկզբնական շրջանում շատ էր նեղվում.

«Տղաս` Գագիկը, 4 տարեկան է: Մուլտֆիլմի նկարահանման ու նաև մյուս արջերի պատրաստման ժամանակ բոլոր փորձերը նրա վրա էի անում: Արջը տանում էի, մնացած կերպարները տանում էի, հանդես էինք անում, նա ինձ խորհուրդ էր տալիս, ասենք` արջը չաղ է, պիտի մի քիչ նիհար լինի, կամ` ծանր է, կամ` աչքերն էսպես ավելի բարի են: Արջեր էինք պատրաստում, բայց տանը ոչ մի հատ չունեինք, հետս բերում, էլի տանում էի: Իսկ հիմա տղաս արջը ծոցը դրած է քնում, ինչն ինձ վստահություն է ներշնչում, որ արջերը դեռ մեծ հաջողություն են ունենալու»,- ասում է Բերդի ապագա բիզնես լեդին: