Տանը միայնակ. սեզոնային գրիպի պատճառով դպրոցների ու մանկապարտեզների փակումը ստիպել է ընտանիքներին փոխել առօրյան

ՀՀ առողջապահության նախարարության առաջարկությամբ, որը կրթության և գիտության նախարարությանն առաջարկել էր սեզոնային գրիպի տարածումը կանխարգելելու նպատակով դադարեցնել ուսումնական հաստատությունների աշխատանքը, փակվել են Հայաստանի մանկապարտեզներն ու դպրոցները: Հարկ է նշել, որ վարակի տարածման պատճառով 30 տոկոսով կրճատվել էր հաճախելիությունը:

Երկուշաբթի երեկոյան կրթության նախարարը հայտարարեց, որ բոլոր դպրոցները այսօրվանից (դեկտեմբերի 8-ից) փակվելու են:

Ուսումնական հաստատությունները փակվել են Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի խորհրդից և երեկ առողջապահության ու կրթության ոլորտների պաշտոնյաների խորհրդակցությունից հետո:

Հայաստանի դպրոցները կբացվեն դեկտեմբերի 21-ից: Աշակերտները դասերին կվերադառնան մեկ շաբաթով, որից հետո կսկսվի ձմեռային արձակուրդը մինչև հունվարի 10-ը ներառյալ:

Որոշումն ազդելու է Հայաստանի մոտ 450 000 երեխաների ( ի թիվս որոնց` 386000-ը դպրոցական, 60 000-ը` մանկապարտեզ հաճախող) և գրեթե նույնքան ընտանիքների վրա, որոնց համար այս չնախատեսված փակումը խառնաշփոթ վիճակ է ստեղծել նրանց առօրյայում:

Այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում սեզոնային գրիպը կանխարգելելու ուղղությամբ, որը դատարկել է դասարանները և դեղատները լցրել տագնապած հաճախորդներով, Ձմեռ պապը ժամանակից շուտ այցելեց դպրոցականներին:

Սակայն, մինչ երեխաները կարող են տոնել անգամ հազալով, դասերի ժամանակավոր դադարեցումը տարբեր գլխացավանք է ստեղծում ծնողների համար, որոնք այժմ պետք է որոշեն` ինչպե՞ս տանը պահել երեխաներին, այն դեպքում, երբ պետք է սովորական գրաֆիկով աշխատանքի գնան:

23-ամյա Մանե Մադոյանի և 32-ամյա Արման Ղարագուլյանի համար մանկապարտեզն այն միակ միջոցն է, որն օգնում է նրանց հանգիստ աշխատել ամբողջ օրը` վստահ, որ երեխան հուսալի ձեռքերում է: Երիտասարդ ընտանիքն ասում է, որ այժմ իրենց աշխատանքային գրաֆիկը վտանգված է:

«Բնական է, ոչ մի ղեկավարություն մեկ շաբաթով արձակուրդ չի տա, ստիպված պետք է դիմենք բոլոր տատիկներին ու բարեկամներին, որ մինչև նոր տարի երեխային նայող լինի»,- ասում է Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատող Մադոյանը: (Ամուսինը փիլիսոփայություն է դասավանդում նույն համալսարանում:)

Հայաստանում ընտանեկան կապերը շատ ամուր են, և զավակներից շատերն անգամ ամուսնանալուց հետո շարունակում են ապրել ծնողների հետ (հատկապես տղայի ծնողների), ինչն ավելի է հեշտացնում երեխայի խնամքը և ավելի հարմար է, քանի որ մշտական օգնող ձեռք կա` ի դեմս տատիկ-պապիկների:

Սակայն, քանի որ հայկական հասարակության մեջ սկսում է դանդաղ փոխվել այդ ավանդույթը` վերածվելով առանձին ապրելու սովորույթի, բոլորին չէ, որ վիճակվում է ապրել նույն հարկի տակ և երեխայի խնամող ունենալ:

Օրինակ` եթե 37-ամյա Լուսինե Ղուբարյանի 7-ամյա և 12-ամյա երեխաները տանը մենակ էին մնում 2,5 ժամ, ապա դպրոցները փակվելու դեպքում կմնան առավոտից մինչև ժամը 17-ը, մինչև նա աշխատանքից տուն գա: Եվ այն ընտանիքները, որոնք շահում էին երեխաների դպրոց գնալուց, առաջիկա 2 շաբաթներին պետք է երեխաներին խնամելու այլ միջոց գտնեն:

«Իսկ հարևանուհուս երեխան ավելի փոքր է, երկարօրյայում էր մնում փաստորեն` նրա վիճակն ավելի լուրջ է»,- ասում է գրադարանավարուհի Ղուրաբյանը:

Դպրոցների և մանկապարտեզների փակումը նման խնդիր չի ստեղծում մարզերի բնակիչների համար, որտեղ ոչ բոլորն են աշխատում: Այստեղ ևս տարածվել են հարբուխն ու գրիպը:

Հայաստանի կենտրոնում գտնվող Արարատի մարզի Ուրծաձոր գյուղի բնակիչ 41-ամյա Հասմիկ Բազյանը, որն աշխատում է գյուղի դպրոցում, ասում է, որ դպրոցի երեխաների կեսից ավելին դասի չի գալիս: (Բազյանի 15-ամյա տղան ու աղջիկը ևս հաճախում են այդ դպրոցը):

«Իմ դասղեկական 4-րդ դասարանում արդեն 5 օր է` 14 աշակերտից վեցն են դասի գալիս: Ուրեմն պետք է գոնե մեկ շաբաթով դասերը ընդհատել, որ երեխաները լավանան, թե չէ շուտով էլ ոչ ոք չի գա»,- «ԱրմենիաՆաուին» ասում էր Բազյանը` նախարարի որոշումից քիչ առաջ:

«Մեկ շաբաթով, բայց ոչ ավելի, որպեսզի հետագայում կարողանանք լրացնել բաց թողած առարկաների տեղը»` այսպես է մտածում արդեն երկրի հարավում գտնվող Սիսիան քաղաքի Վուրգ Ստեփանյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Ստեփանյանը:

Ըստ Ստեփանյանի` իրենց դպրոցի 33 ուսուցչից 4-ն աշխատանքի չեն գալիս, 11-ը գալիս են հիվանդ վիճակում, իսկ 332 աշակերտներից 62-ը դպրոց չեն հաճախում երկուշաբթի օրվանից:

Երկուշաբթի որոշ դպրոցներում արդեն սկսել էին բոլոր առարկաներից շտապ ստուգողական աշխատանքներ տալ, որպեսզի կարողանան քառորդ փակել` սպասելով նախարարի արդեն հայտնի որոշմանը: