Լեզվական արգե՞լք. նոր օրինագիծն արժանանում է կառավարության հավանությանը, ընդդիմության` քննադատությանը

Օտարալեզու դպրոցների վերաբացման մասին կրթության և գիտության նախարարության օրենսդրական աղմկահարույց նախաձեռնությունը վերջերս արժանացավ կառավարության հավանությանն ու ուղարկվեց Ազգային ժողով:

«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունվելու դեպքում Հայաստանում կբացվեն օտարալեզու (ռուսական և անգլիական) դպրոցներ, որտեղ բոլոր առարկաները կդասավանդվեն տվյալ լեզվով:

Ընդդիմախոսներն օրինագիծը համարում են «սպառնալիք հայ ինքնությանը»:

Ուրբաթ` մայիսի 7-ին, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանդես է եկել հայտարարությամբ` համարելով այս նախաձեռնությունը «գավառամտության արգասիք», որը «սպառնում է վտանգել և ի չիք դարձնել անկախության գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ պետական լեզվի հիմքի վրա միասնական ազգային հանրակրթական դպրոցի համակարգը»։

Ըստ ընդդիմության` այս նախաձեռնությամբ «վարչախումբն ընդունում է հայերեն կրթության անլիարժեքությունը, մատնում հայությանը երկրորդ կարգի ազգ համարելու իր ընկալումը»։

Մինչդեռ նախաձեռնության հեղինակ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պնդում է, որ նման դպրոցների անհրաժեշտություն այսօր կա:

«Անկախության առաջին տարիներին նման դպրոցների փակման այդ քայլը խիստ անհրաժեշտ ու կարևորված էր, սակայն այսօր այլ է իրավիճակը»,- ասում է Աշոտյանը`հավելելով, որ օտարալեզու դպրոցներում մայրենի լեզվի, գրականության, պատմության դասաժամերն ու չափորոշիչները լինելու են նույնը, ինչ սովորական (հայկական) դպրոցներում:

«Դրանք [Հայաստանում] կազմելու են դպրոցների միայն 2 տոկոսը, և անմտություն է կարծել, որ այդ դպրոցները կարող են վտանգել մեր ինքնությունն ու ազգային նկարագիրը»,- ասում է Աշոտյանը:

Մինչդեռ բանասիրական գիտությունների դոկտոր Մինաս Սարգսյանը, հակադարձում է, որ «եթե երեխան փոքրուց սովորում է այլ լեզվով, մտածում է տվյալ լեզվով, օրինակ` ռուսական դպրոցն ավարտածների մեծ մասը մտածում է ռուսերեն, ապա դա սպառնում է հայի ինքնությանը»:

ԱԺ պատգամավոր, 30 տարվա մանկավարժ Անահիտ Բախշյանը չի ընդդիմանում այս նախաձեռնությանը:

«Այսօր սպառնալիք է ոչ թե օտարալեզու դպրոցների վերաբացումը, այլ մեր դպրոցներում մայրենի լեզվի որակի սարսափելի մակարդակը, դրա մասին պետք է մտածենք այսօր»,- «ԱրմենիաՆաուին» ասում է «Ժառանգության» անդամ Բախշյանը: