Աշակերտին բռնության ենթարկելու ևս մի դեպք. YouTube-ում տարածված տեսանյութը զայրացնում է նաև ուսուցիչներին

YouTube ինտերնետային կայքում տարածված մոտ մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ տեսանյութը, որտեղ Երևանի դպրոցներից մեկի ուսուցչուհին դաժանաբար ծեծում է աշակերտին, արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, ընդ որում, զայրացած են ոչ միայն աշակերտներն ու ծնողները, այլև ուսուցիչները, որոնց համար նոր տեխնոլոգիաները պատուհաս են դարձել:

Տեսանյութում նյարդայնացած ուսուցչուհին աշակերտին հրում, գցում է գետնին, մեկ այլ աշակերտի գլխին գրքով հարվածում, հետո հրում նրան դեպի անկյուն ու հարվածում գլխին ու մեջքին:

Արդեն պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արաբկիր վարչական շրջանի 129-րդ դպրոցում մոտ 4 տարի առաջ, իսկ ուսուցչուհին` Լենա Աբգարյանը, մեկ շաբաթ առաջ ազատվել է դպրոցից իր դիմումի համաձայն:

Դպրոցի տնօրեն Թամարա Պետրոսյանն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ «ուսուցչուհին դուրս է եկել [աշխատանքից] առողջական խնդիրների պատճառով»:

«Մի քանի տարի առաջ այդ ուսուցչուհու դեմ ծնողները բողոքել էին երեխաներին վիրավորելու համար: Այդ ժամանակ մենք նկատողություն արեցինք, բայց չպատկերացրինք, որ խնդիրն ավելի մեծ է»,- ասում է նա:

Այս ամսվա սկզբին տարածված առաջին տեսանյութում Երևանի հեղինակավոր` Պուշկինի անվան դպրոցում պատմության ուսուցիչը բղավում և հարվածում է աշակերտին: Ինչպես այդ անգամ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այս անգամ ևս հայտարարել է, որ դատապարտում է երեխաների նկատմամբ որևէ բռնություն.

«Անգամ ամենավատ աշակերտին կարելի է ամեն ինչ բացատրել առանց բռնության»,-ասում է նախարար Արմեն Աշոտյանը:

Ուսուցիչները, սակայն, վստահեցնում են, որ հաճախ երեխաներն անկառավարելի են և ուսուցչուհուն հունից հանում են:

«Իհարկե, այն ծեծը, որ տեսանյութում է, անընդունելի է, բայց հաճախ են լինում իրավիճակներ, որ աշակերտն այնքան է անարգում ուսուցչին, որ չես կարող գոնե մի ապտակ չհասցնել»,- «ԱրմենիաՆաուին» ասում է արդեն 25 տարվա ուսուցչուհի Մարիամ Սարգսյանը:

Սարգսյանը համաձայն է, որ երեխաները պետք է պաշտպանեն իրենց իրավունքները, սակայն մտավախություն ունի, որ տեսախցիկներով հեռախոսները աշակերտներին անկառավարելի կդարձնեն: (Որոշ դպրոցներում աշակերտներին արգելվում է դպրոց հեռախոս տանել: Հավանաբար վերջին երկու միջադեպերից հետո այդ պրակտիկան կկիրառվի նաև այլ դպրոցներում:)

«Այս տեսանյութերից հետո կհասկանան, որ ուսուցիչը շատ կաշկանդված է, ու հնարավոր է, որ ուսուցչին հատուկ հասցնեն մի իրավիճակի, որ խփի, իրենք էլ նկարեն ու այդպիսով ուսուցչից վրեժ լուծեն, սա արդեն վտանգավոր է»,- ասում է մեկ այլ ուսուցչուհի` Գրետա Վարժապետյանը:

Մինչդեռ նախարար Աշոտյանը ողջունում է նոր տեխնոլոգիաների բերած թափանցիկությունը. «Տեխնոլոգիաները մուտք են գործում ամենուրեք, դրանք դարձնում են մեր կյանքն ավելի թափանցիկ, ավելի հաշվետու, և մարդիկ պետք է ավելի պատասխանատու լինեն իրենց արարքների համար»,- հայտարարել է Աշոտյանը: