«Հակամրցանակ». հասարակական ակտիվիստներն ասում են, որ օտարալեզու դպրոցների կողմնակիցներին «կպարգևատրեն» 30 դրամանոց մրցանակով

Երկուշաբթի նորից պարզ դարձավ, որ այս շաբաթ ևս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չի քվեարկի վիճահարույց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագիծը:


Դեռևս հուլիսին առաջին ընթերցմամբ անցած օրինագծի ընդունման դեպքում Հայաստանում հնարավոր կլինի բացել սահմանափակ թվով օտարալեզու դպրոցներ, որոնց ուսումնական ծրագրերը պետք է մայրենի լեզվով չլինեն:

ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծի դեմ հանդես եկան բազմաթիվ մտավորականներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ և տարբեր հասարակական խմբեր, որոնք ասում են, թե նման փոփոխությունները կվտանգեն հայի ազգային ինքնությունը:

Ամեն քառօրյայի սկզբում (նաև երեկ) օրենքի փոփոխություններին դեմ դուրս եկած «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպում ԱԺ շենքի մոտ:

Բացի այդ, երկուշաբթի շարժման ակտիվիստները մի հայտարարություն են տարածել, որում ասում են, որ սահմանել են յուրօրինակ «հակամրցանակ»՝ հայոց լեզվին, դպրությանը և ազգային անկախ պետականությանն առավել վնաս հասցրած գործիչներին և կազմակերպություններին առանձնացնելու և հանրությանն ու գալիք սերունդներին նրանց գործունեությունը ներկայացնելու նպատակով», որի դրամական պարգևը 30 դրամ է (մոտ 8 սենթ):

Հետաքրքրական է, որ օտարալեզու դպրոցների վերաբացման հարցը քննարկվել է նաև հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողվի նիստում, որի համանախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը (միակ օտարազգին, որ Հայաստանում նման կոչման է արժանացել) ասել է, որ Ռուսաստանում այն տպավորությունն է ստեղծվել, թե բողոքները հիմնականում ուղղված են ռուսական դպրոցների վերաբացման դեմ:

«Հայերի մի քանի սերունդներ են ապրել մեր երկրում, և, կարծում եմ, պետք է արժևորել այն լեզուն, որով խոսում ես»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռիժկովը: