Վեճ . պատգամավորը մեղադրում է Վերահսկիչ պալատին կաշառք պահանջելու մեջ

ՀՀ վերահսկիչ պալատի 2009 թ. հաշվետվությունը հանգեցրեց պալատի և հանրապետական պատգամավոր Սպարտակ Մելիքյանի միջև սկանդալի: Ըստ Մելիքյանի` «Անանիա Շիրակացի» համալսարանում, որի 100 տոկոսանոց բաժնետերը ինքն է, օրինախախտումներ չարձանագրելու դիմաց Վերահսկիչ պալատի ներկայացուցիչն իրենից 4 հազար դոլար կաշառք է պահանջել:


Նա ասել է, որ Վերահսկիչի ներկայացուցիչը կաշառք է պահանջել, որպեսզի համալսարանը չհայտնվի Վերահսկիչի «սև ցուցակում», և ասել է, որ ամեն ինչ համաձայնեցված է Վերահսկիչի ղեկավարության հետ:

Վերահսկիչ պալատն իր զեկույցում, ի թիվս մի շարք բուհերի, խիստ քննադատության էր ենթարկել նաև «Անանիա Շիրակացի» համալսարանը, որից հետո Սպարտակ Մելիքյանը հայտարարեց, թե խախտումների մասին Վերահսկիչ պալատի պնդումները որևէ հիմք չունեն և հրապարակեց կաշառքի վերաբերյալ տեղեկատվությունը:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, որ «այն, ինչ արձանագրվել է «Անանիա Շիրակացի» համալսարանում, միանշանակ ճիշտ է, հիմնավոր և անառարկելի»:

Զաքարյանն արդեն դիմել է դատարան և իրեն վիրավորելու համար պատգամավորից բարոյական փոխհատուցում է պահանջում:

Մելիքյանն իր հերթին ասում է, որ դիմելու է Ազգային ժողովին, որպեսզի «իրեն զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից, որ հետագայում որևէ մեկը չասի, թե ինքը խոչընդոտում է քննությունը մինչև վերջ տանելը»: Նա պնդում է, որ փաստեր ունի և առերեսման ժամանակ պատրաստ է դրանք հրապարակելու:

Այս սկանդալը լրատվամիջոցների և վերլուծաբանների կողմից մեկնաբանվեց որպես իշխանական կոալիցիայի երկու կուսակցությունների` Հանրապետականի և «Բարգավաճ Հայաստանի» միջև պայքարի հերթական դրսևորում:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «ԱրմենիաՆաուին» ասում է, թե դրական է համարում, որ կաշառքի մասին բարձրաձայնվել է, սակայն պետք է հետաքննություն անցկացնել` պարզելու, արդյոք դա ճի՞շտ է, թե՞ ոչ: