Բարեփոխում. կրթության նախարարը միջոցներ է առաջարկում` քննությունների ժամանակ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար

Կատարելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականը` կրթության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար փոփոխվելու է ընդունելության քննությունների կարգը:


Կառավարության կայքում հեղափոխություն որակված առաջարկությունների փաթեթով նախատեսվում է հայոց լեզվի պարագայում, օրինակ, ստեղծել հայոց լեզվի թեստերի քննական շտեմարան, հիմնական թեստերը վերցնել միայն այդ շտեմարանից, որտեղ նախապես զետեղված կլինեն թե´ հարցաշարը, թե´ ճիշտ պատասխանները։

«Սրանով վերջ կտրվի քննությունների ժամանակ առաջացած այն անառողջ իրարանցմանը, որը կապված է թեստերի կազմման, երկիմաստությունների արդյունքում առաջացած խնդիրների հետ»,- կառավարության նիստից հետո ասուլիսի ընթացքում հայտարարել է կրթության նախարարը:

Ըստ Աշոտյանի` առաջարկվում է ամբողջ աշխարհում ընդունված մի մեխանիզմ, որի համաձայն` բոլոր բուհերում կսահմանվի միասնական քննությունների բովանդակային կազմ.

«Քննությունները կհանձնվեն ունիֆիկացված համակարգերով։ Հայաստանի համար առաջարկվում է բոլոր բուհերում, բացառությամբ նաև մասնագիտական բուհերից, հանձնել երեք քննություն` հայոց լեզվի քննություն, որը կլինի շտեմարանային տարբերակով, ցանկացած օտար լեզվի ստանդարտացված քննություն, ինչպես նաև GRE քննություն»։

«Այս քայլերով մենք կբարձրացնենք քննությունների օբյեկտիվությունը և օտար լեզուների իմացության մակարդակը աշակերտների և ուսանողների մոտ։ Իսկ երրորդ քննությունը, որը ևս միջազգայնորեն սերտիֆիկացված թեստերի համակարգ է, թույլ կտա չափել նրանց գիտելիքները մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության բնագավառում»,- բացատրել է Աշոտյանը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավանության է արժանացրել կրթության նախարարությունում մշակված հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը: