Ընտրե´ք մասնագիտությունը խելքով. փորձագետների կարծիքով` քչերն են նախընտրում միջին մասնագիտական կրթությունը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն անհանգստացած է այն հնարավոր անհավասարակշռությունից, որ Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցողների թվի համեմատությամբ միջին մասնագիտություն ունեցողների թիվն ավելի քիչ է:


Հայաստանում այսօր կա շուրջ 167.000 ուսանող, որոնցից միայն 37.000-ն են միջին մասնագիտական կրթություն ստանում 112 ուսումնարաններում ու քոլեջներում, որի հետևանքով այսօր կա տուրիզմի, սպասարկման և այլ ոլորտների մասնագետների պակաս:

«Նախընտրում են սովորել բարձրագույն ուսումնական հաստատություններում, հսկայական գումարներ են ծախսում, հետո էլ նորից գումար են ծախսում, որ դառնան վարսավիր կամ ոսկերիչ»,- կարծում է ԱԺ կրթության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարինե Հակոբյանը:

Թեև դեռ 2005 թ.-ից գործում է «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» հատուկ օրենքը, որով կարգավորվում է այս ոլորտը, բայց տեսանելի փոփոխություններ կատարվել են միայն վերջին տարիներին: 2007 թ.-ից Եվրոպական հանձնաժողովի ու ՀՀ կառավարության միջև համաձայնագիր է կնքվել, ըստ որի` մինչև 2011 թ. ներառյալ պետք է բարելավվեն պայմանները միջին մասնագիտական հաստատություններում:

«Ընտրվել են 12 հատուկ քոլեջներ, որոնք վերանորոգելու ու տեխնիկապես ապահովելու համար 2008-2009 թթ. արդեն կատարվել է 2 մլրդ 810 մլն դրամի (7.783.933 մլն դոլար) ներդրում, այդ թվում նաև` վերապատրաստվել են 2200 մանկավարժներ և 250 ղեկավարներ: Այս տարի կկատարվի ևս 1 մլրդ 600 մլն դրամի (4.432.132 մլն դոլար) ներդրում»,- ասում է ՀՀ կրթության և գիտության նախարարության միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը:

Մասնավորապես ուշադրություն են դարձնելու տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների ու սպասարկման ոլորտներին: