Կրթություն. հուշագրի համաձայն` դպրոցում նոր առարկաներ կներմուծվեն

Դեկտեմբերի 6-ին Երևանում ՀՀ կրթության և գիտության նախարարության և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի միջև կնքվել է համագործակցության և աջակցության մասին հուշագիր, որի համաձայն հայկական դպրոցներում ավանդական առարկաներին զուգահեռ երեխաները կանցնեն առարկաներ «մարդու համընդհանուր իրավունքների և բնապահպանության ոլորտից»:

«Մեր երկրում բնապահպանական անվտանգությունը դիտարկվում է որպես [ազգային] անվտանգության բաղադրիչ, և բնապահպանական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է կանխել այդ խնդիրների առաջացումը, իսկ դա կարելի է անել` նախևառաջ համապատասխան բնապահպանական կրթական ծրագրեր իրականացնելով»,- կարծում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը կարծում է, որ հռչակագիրը կօգնի նաև, որ ուսանողներն առավել լայնորեն ներգրավված լինեն բուհերի կառավարման գործընթացներում:

(Նոյեմբերի վերջին McKinsey&Company խորհրդատվական միջազգային կազմակերպության հետազոտության համաձայն` Հայաստանի կրթական համակարգը բարեփոխվում է և արդեն դասվում է կրթական համակարգի համար լավ գնահատական ունեցող երկրների շարքը):