ՏՏ տնային առաջադրանք. նոր համակարգն օգնում է ծնողներին ինտերնետով հետևելու երեխաների դասարանական աշխատանքին

Տեղեկատվական տեխնոլոգիաները հետզհետե փոխարինում են զբաղված ծնողների ավանդական այցելություններին դպրոց և ուսուցիչների հետ հեռախոսային խոսակցություններին:


www.dasaran.am ինտերնետային կայք այցելելով ծնողները կարող են վերահսկել իրենց երեխաների դպրոցի առօրյան, հետևել հաճախումներին, տեղեկանալ գնահատականներին, ինչպես նաև տեսնել յուրաքանչյուր առարկայից նրա միջին գնահատականը, տնային աշխատանքների արդյունքներին: Ծնողները կայք կարող են այցելել համապատասխան քարտ ձեռք բերելով` ամսական վճարելով 2000 դրամ (մոտ 6 դոլար):

Յուրաքանչյուր երեխայի համար ստեղծված է սեփական ծածկագիրը` գաղտնիությունն ապահովելու համար:

Մեկ տարի առաջ Հայաստանի 200 դպրոցներից երկուսում` 114-րդ և 117-րդ դպրոցներում, ներդրված փորձնական այս ծրագիրն արդեն գործում է 30 դպրոցներում: Բաժանորդների թիվը կոմերցիոն գաղտնիք է, բայց 23.000 պոտենցիալ ծնողներ կան, որ կարող են օգտվել այս ծառայությունից:

Ծրագրի հեղինակները Եվրոպայում և Ամերիկայում կրթություն ստացած երկու երիտասարդներ են, որոնք որոշել են ներդնել այս ծրագիրը Հայաստանում:

«Այն, ըստ էության, եզակի է, քանի որ եթե արտասահմանում այդ վերահսկողությունը կատարվում է դպրոցների կողմից առանձին-առանձին, մենք ստեղծել ենք դպրոցների ցանց, որը կարող է ընդլայնվել»,- «ԱրմենիաՆաուին» ասում է ծրագրի հիմնադիր տնօրեններից Սուրեն Ալոյանը:

Ալոյանը համոզված է, որ ծրագիրը նախևառաջ հեշտացնում է ծնողների գործը, և նա սովորաբար առաջարկներ է ստանում ծառայությունն արդյունավետ դարձնելու համար: Ծնողները նույնիսկ ուզում են, որ դասապրոցեսը նկարվի, և իրենք դա տեսնեն, բայց դա Հայաստանի դանդաղ ու ոչ կայուն ինտերնետի պարագայում Ալոյանը դեռևս բացառում է:

Երևանի 8-րդ դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը, որի դպրոցի 1700 երեխաներից 300-ի ծնողներն օգտվում են www.dasaran.am կայքից, նշում է, որ իրենց համար հատկապես կարևոր է հաշված միջին գնահատական ունենալը:

«Տարվա վերջին դա ամենադժվար աշխատանքն էր յուրաքանչյուր ուսուցչի համար»,- «ԱրմենիաՆաուին» խոստովանում է փոխտնօրենը:

Հովհաննիսյանը մտավախություն չունի, որ ծնողները կհրաժարվեն կիսամյակային ծնողական ժողովներին մասնակցելուց, քանի որ ամեն ինչ չէ, որ կարելի է արձանագրել ու կայքում տեղադրել:

Կան զեղչային համակարգեր միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաների համար:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշում է, որ նախարարությունը կարևորում է նման ծրագրի գոյությունը, մասնավորապես, կոռուպցիան վերահսկելու տեսանկյունից, բայց նախարարութունը պատրաստ է աջակցելու միայն dasaran.am-ի աշխատակիցներին դպրոցներում ազատ ելումուտ ապահովելուն:

Կազմակերպիչների վերջնական նպատակն է ծրագիրը դարձնել կիրառելի ամբողջ Հայաստանում, և որ այն ստանա պետական կարգավիճակ, և միայն այդ պարագայում կոմերցիոն բնույթի ծրագիրը հասանելի կլինի բոլոր ծնողներին: