Կրթություն. 2011-ի օրակարգում ավելի լավ աշխատելն է, կոռուպցիայի դեմ պայքարը և ինքնաքննադատությունը

Ամփոփելով տարին` կրթության և գիտության նախարարը 2010 թ. համարել է «դինամիկ փոփոխությունների, ակտիվ աշխատանքի և զարգացման տարի»:


Երկուշաբթի նախարար Արմեն Աշոտյանը մատնանշել է երեք կարևորագույն փոփոխություն`կրթության և գիտության ոլորտը գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում, հաստատվել է սերտ կապ հասարակության հետ, գրանցվել է գիտելիքի արժևորման գործընթացի սկիզբը:

«Դպրոցներում կյանքի է կոչվել վերապատրաստման և հավաստագրման նոր կարգը: Հինգ կազմակերպություն իրավունք է ստացել վերապատրաստել դպրոցի տնօրենների թեկնածուներին: Հանրակրթության կառավարման ոլորտում կադրային քաղաքականության տեսակետից այս քայլը հեղափոխական փոփոխություն է,- ասում է Արմեն Աշոտյանը: - Մեկ այլ կարգով էլ հաստատվել է ուսուցիչների ատեստավորման գործընթացը, ինչի շնորհիվ լավագույն ուսուցիչները կվարձատրվեն ավելի շատ»:

Նախարար Աշոտյանը կարևորում է հատկապես այս տարի ստեղծված հեռավար կրթության իրավական փաթեթի ստեղծումը, ինչն արդեն արժանացել է կառավարության հավանությանը:

Բարձրագույն ուսումնական հաստատություններում 2010-ին կրթություն կստանան 20.000 բակալավր, 6700 մագիստրոս, 300 ասպիրանտ: Միջպետական պայմանագրերով այս տարի 220 ուսանող հնարավորություն է ստացել իրենց կրթությունը շարունակելու արտերկրում: Հայաստանում 2010-ին սովորելու են եկել 420 օտարերկրացի ուսանողներ:

Սփյուռքի համար տպագրվել է 50.000 դասագիրք և ամբողջությամբ առաքվել: Այս տարի նաև դասագրքերով են մասամբ ապահովվել Ջավախքի հայկական դպրոցները, 2011-ին կառաքվեն ուսումնաօժանդակ և դիդակտիկ նյութեր:

Նախարարության educate.am կայքը գերատեսչական կայքերի մեջ եղել է առաջատար եռյակում` ունենալով 2700 բաժանորդ, աշխատելով 105 ԶԼՄ-ների հետ:

Արմեն Աշոտյանը մատնանշել է նաև ոլորտի թերությունները. «Դժգոհ եմ կոռուպցիայի դեմ պայքարից, ապօրինություններից, բայց մեր ինքնաքննադատությունը թող ճիշտ ընկալվի, սա օրակարգ է 2011-ի համար»:

Անդրադառնալով իր հրաժարականի մասին շրջանառվող լուրերին` նախարար Աշոտյանն ասել է, որ շաբաթ ՀՀԿ հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում Հայաստանի և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց պետական պաշտոնյայի նոր որակական չափանիշների նշաձողը:

«Բոլոր այն պաշտոնյաները, ովքեր չեն համապատասխանելու երկրի ղեկավարի պահանջներին, չպետք է աշխատեն: Եթե այդ պաշտոնյան պետք է լինեմ ես, ուրեմն ես նույնպես չպետք է աշխատեմ»,- ասաց Աշոտյանը` հավելելով, որ իր կողմից անհամեստություն կլիներ գնահատական տալ` արդյոք ինքը համապատասխանո՞ւմ է այդ չափանիշներին, թե՞ ոչ: