«Լեզվի մասին» օրենք. ընդդիմության բոյկոտից հետո խորհրդարանի մեծամասնությունը կողմ քվեարկեց օրենսդրական փաթեթին

«Լեզվի մասին» վիճահարույց օրենսդրական փաթեթը, որին ընդդիմացել էին հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչներ, չորեքշաբթի ավարտեց իր չարչրկված ոդիսականը Հայաստանի Ազգային ժողովում:


Կես տարուց ավելի տևած քննարկումներից, լրամշակումներից, բացատրություններից հետո 131 հոգուց բաղկացած խորհրդարանի մեծ մասը` հիմնականում իշխող կոալիցիան (Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր») 69 կողմ, 1 դեմ (անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյան) ձայների հարաբերակցությամբ չորեքշաբթի ամբողջությամբ ընդունեց «Լեզվի մասին» օրենսդրական փաթեթը:

Ազգային ժողովի քվեարկությանը չմասնակցեց ընդդիմությունը` ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունները: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը քվեարկությունից առաջ կոչ արեց չքվեարկել «այդ վտանգավոր նախագծի օգտին», սակայն քվեարկող պատգամավորները չանսացին նրա կոչին:

«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններն Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել էր դեռ հունիսին:

Մտավորականներից, լրագրողներից, քաղաքական գործիչներից ու այլ հասարակական ակտիվիստներից բաղկացած «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության (այս խումբը Ֆեյսբուքում 3300-ից ավելի անդամ ունի) անդամները, որ անընդհատ բողոքի ակցիաներ էին կազմակերպում օրինագծի դեմ, կարծում են, որ այս օրինագիծը վտանգում է հայ ազգի ինքնությունը:

Այժմ լրամշակված տարբերակում կառավարությունը «Լեզվի մասին» օրենքում լրացում է կատարել, համաձայն որի Հայաստանում կրթությունն իրականացվում է հայերեն լեզվով` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, իսկ «Հանրակրթության մասին» օրենքում սահմանել է միջազգային կրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները: Համաձայն դրան` Հայաստանում հնարավոր կլինի բացել միջազգային կրթական ծրագրերով գործող սահմանափակ թվով 11 դպրոցներ, ի թիվս որոնց 2-ը մասնավոր` Դիլիջանում և Ջերմուկում, 9-ը` միջկառավարական համաձայնագրերի հիման վրա ստեղծված:
Կառավարությունը և օրինագծի աջակիցները հերքում են այն մեղադրանքները, թե օրենքը «վնասում է հայերենի կարգավիճակին` պնդելով, որ նախաձեռնությունը սփյուռքահայերի համար Հայաստանում կրթություն ստանալու խթան կհանդիսանա և կնպաստի միջազգային փորձի փոխանակմանը, որն էլ կբարելավի երկրում ընդհանուր կրթամակարդակը»:

Օրինագծի քվեարկությունից հետո առցանց միջավայրում հայտնվեցին բազմաթիվ կարծիքներ (հիմնականում քննադատական բնույթի) ԱԺ մեծամասնության որոշման վերաբերյալ:

Գյումրեցի մրցանակակիր լրագրող Լևոն Բարսեղյանը, հայտնի իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանը, Սոնա Այվազյանը, Արթուր Սաքունցը, Վարուժան Հոկտանյանն իրենց տարածած հայտարարությունում ասում են, որ 69 պատգամավորներն իրենց որոշմամբ խախտել են Հայաստանի երրորդ հանրապետության Անկախության հռչակագրի սկզբունքները և ՀՀ Սահմանադրությունը:

«Սա ամոթալի խայտառակություն է, ապտակ բոլոր այն հայորդիներին, ովքեր երբևէ պայքարել են Հայաստանի ազատության և անկախության համար: Վստահ ենք, որ Հայաստանի ազգային արժեքների անդավաճան հետևորդներն ամեն ջանք ներդնելու են Հայաստանում օտարալեզու դպրոցների գործունեությունը խափանելու համար: Սա տևական պայքար և մաքառում է ենթադրում, այնքան, որքան անհրաժեշտ կլինի խնդիրը կարգավորելու համար»,- ասված է դեկտեմբերի 22-ի նրանց հայտարարության մեջ:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտարարում են, որ չեն դադարեցնելու իրենց բողոքի ցույցերը` մինչև նախագահի կողմից օրենքի վավերացումը, այնուհետև իրավական դաշտում, այսինքն` դատարանում կփորձեն խնդիրը լուծել: