Կրթություն 2010. լեզվի և սկանդալի մասին

2010 թվականը Հայաստանի կրթության ոլորտի համար բազմաթիվ բանավեճերի, սուր քննադատությունների բավական լարված տարի էր:


Գրեթե ամբողջ տարվա ընթացքում ամենաշատ քննարկված թեմաներից մեկը թերևս «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու նախագիծն էր, որով հնարավոր կլինի սահմանափակ թվով օտարալեզու դպրոցներ բացել Հայաստանում: Կառավարությունը դեռ մայիս ամսից նախաձեռնեց փոփոխել ՀՀ օրենսդրությունը, որն արգելում է Հայաստանում հանրակրթությունը հայերենից բացի այլ լեզվով անցկացնել:

Այս օրենսդրական նախագիծը շատ արագ ընդդիմախոսներ ձեռք բերեց, ի թիվս որոնց` բազմաթիվ մտավորականներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ և հասարակական ակտիվիստներ, որոնք համարում են, որ այն «սպառնալիք է հայ ինքնությանը»: Նրանք շատ արագ կազմավորեցին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» «ֆեյսբուքի» խումբը, որն էլ արագ վերածվեց քաղաքացիական նախաձեռնության: Նախաձեռնության անդամներն ամբողջ տարվա ընթացքում բողոքի ակցիաներով, ինտերնետային  և տպագիր հոդվածներով մշտապես շատ արագ արձագանքում էին օրենքների փոփոխությունների յուրաքանչյուր քայլին: Վերջերս նրանք նույնիսկ օրենքի կողմնակիցների համար հակամրցանակ են սահմանել, որով օտարալեզու դպրոցների կողմնակիցներին կպարգևատրեն խորհրդանշական 30 դրամով («30 արծաթ»):

Հունիսին 131 պատգամավորից բաղկացած խորհրդարանում 71 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ անցավ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծի փաթեթը, որի երկրորդ ընթերցումը երկար ձգձգումներից հետո տեղի ունեցավ դեկտեմբերի 23-ին՝ ԱԺ արտահերթ նիստում, և խորհրդարանի մեծ մասը` հիմնականում իշխող կոալիցիան (69 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ), ամբողջությամբ ընդունեց «Լեզվի մասին» օրենսդրական փաթեթը: Քվեարկությանը չմասնակցեց խորհրդարանական ընդդիմությունը՝ «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն :  

Օրենքի փոփոխության ընդդիմադիրները կառավարության այս նախաձեռնությունը հենց սկզբից էլ կապեցին Դիլիջանում կառուցվելիք միջազգային դպրոցի հետ, որը մոսկվացի մեծահարուստ, բարերար Ռուբեն Վարդանյանի մտահղացումն է: Տեսնելով «Լեզվի մասին» օրենքի փոփոխության դեմ հասարակության բողոքը` դպրոցի հիմնադիրները որոշեցին հետաձգել դպրոցի կառուցումը ու քննարկել այն Հայաստանից դուրս հիմնելու հնարավորությունները: Նրանք դեռ չեն կայացրել իրենց վերջնական որոշումը և հավանաբար սպասում են օրենքի վերջնական ճակատագրին:

Ընդունելության քննությունները նախորդ տարիների նման անցան չափազանց լարված մթնոլորտում, թեև կրթության և գիտության նախարարությունը որոշակի փոփոխություններ էր մտցրել կենտրոնացված քննությունների անցկացման կարգում: Այս տարի գրանցվեց նույնիսկ ընդունելության քննությունից ցածր գնահատական ստացած դիմորդի ինքնասպանության դեպք, մի բան, որը նախկինում երբեք չէր եղել: Այս փաստը ցնցեց շատերին` նորից նրանց ստիպելով քննադատել կրթական համակարգը:

Կրթության և գիտության նախարարությունն արժանացավ նաև վարչապետի սուր քննադատությանը համակարգում առկա կոռուպցիայի պատճառով: Դրանից հետո` նոյեմբերին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ նախարարությունում մշակվել է հակակոռուպցիոն ծրագիր, որով կփոփոխվի ընդունելության քննությունների կարգը:

Այս տարի կրթության ոլորտը ցնցեցին նաև Youtube-ում հայտնված Երևանի երկու դպրոցներում նկարահանված սկանդալային տեսանկարահանումները, որոնցում ուսուցիչները բռնություն էին գործադրում աշակերտների նկատմամբ:  

Այս տարի արդիական մնաց նաև դպրոցական դասագրքերի խնդիրը, որոնք ծնողների, աշակերտների ու ուսուցիչների պնդմամբ` անորակ են, շատ բարդ և չեն համապատասխանում տվյալ տարիքի երեխաների գիտակցական մակարդակին: Այս խնդիրը դեռևս չի լուծվել, թեև անընդհատ բարձրաձայնվում է: