Բարձրագույն ուսումնական հաստատության մարտահրավերը. կրթության և գիտության նախարարությունը մտադիր է կրճատել Հայաստանի մասնավոր բուհերի թիվը

Առաջիկա ամիսներին առնվազն յոթ մասնավոր բուհերի ուսանողներ ստիպված կլինեն նոր ուսումնական հաստատություն փնտրել, քանի որ վերջին ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ շատ ուսումնական հաստատություններ չեն համապատասխանում պետական չափորոշիչներին:


Հայաստանում ոչ պետական բուհերը սնկի նման աճեցին հատկապես 90-ական թվականներին, 1997 թվականին դրանց թիվը հասավ 84-ի, որոնցից մի մասն անգամ գյուղերում բացվեցին: Այժմ Հայաստանում գործում է 72 ոչ պետական բուհ, սակայն, ըստ կրթության և գիտության նախարարության` ոչ բոլորն ունեն համապատասխան որակավորում:

Մասնավոր բուհերում ուսանում է մոտ 30.000 ուսանող (պետական համալսարաններում այդ թիվը հասնում է 90.000): Այս թվերի վրա ազդում է ուսման վարձը, որոնք ոչ պետական բուհերում կազմում են 150.000-350.000 դրամ (մոտ 400-950 դոլար), իսկ պետականում` 200.000-800.000 դրամ (մոտ 550-2100 դոլար):

2008 թվականին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության և ԿԳ նախարարության կատարած ստուգումները բացահայտեցին այդ բուհերի թերությունները, որի հետևանքով դրանցից 9-ի գործունեությունը լրիվ կասեցվեց, իսկ 4-ինը` մասնակի:

Վերջին մի քանի ամիսներին ՀՀ ԿԳ նախարարությունն առավել խստորեն է մոտենում ոչ պետական, մասնավոր բուհերի գործունեությանը, որոնցից մի քանիսը հայտնվել են փակման սպառնալիքի տակ:

«Ստուգումների առաջին փուլին մասնակցել է 28 բուհ, որից 7-ի կրթական ծրագրերով լիցենզիաների գործունեությունը կասեցվել է ամբողջությամբ, իսկ 6-ինը` մասնակի: Այժմ անցկացվում է ստուգումների երկրորդ փուլը»,- «ԱրմենիաՆաուին» ասաց ՀՀ ԿԳՆ լիցենզավորման վարչության պետ Մովսես Մովսիսյանը:

Գործունեությունը մասնակի կասեցված բուհերի թվում են Երևանի մենեջմենթի, «Գալիք» համալսարանները, Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանը, Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանը, Էկոլոգիայի տնտեսագիտության և իրավունքի հայկական ինստիտուտը, Երևանի մշակույթի համալսարանը:

«Երբ իմացանք, որ մեր բուհի գործունեությունն էլ է մասնակի կասեցվել, ուսանողների շրջանում խուճապ սկսվեց, որի պատճառով շատ ուսանողներ դուրս եկան բուհից: Թեև այսօր ուսանողների թիվը զգալի պակասել է, բայց դասընթացները շարունակվում են»,- «ԱրմենիաՆաուին» ասում է «Գալիք» համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Էլոյանը:

Թերացումներն ու խախտումները, որոնք պատճառ են դարձել վերոնշյալ բուհերի մասնակի կամ ամբողջությամբ լիցենզիայի կասեցմանը, ըստ ԿԳ նախարարության, հիմնականում վերաբերում են ուսումնական մեթոդների անբավարար լինելուն, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմին:

«Ուսումնական հաստատություններում լաբորատոր բազա, գրադարաններ չկային, սակայն կային աշխատակիցներ»,- ասում է ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը:

Նրա հավաստմամբ` համաձայն ՀՀ գործող օրենսդրության, նման ուսումնական հաստատություններում հավատարմագրված մասնագիտություններով սովորող ուսանողներին հնարավորություն կտրվի կրթությունը շարունակել ոչ պետական հավատարմագրված բուհերի և պետական բուհերի նույն կամ հարակից մասնագիտությունների համապատասխան կուրսերում:

«Ուսանողներն իրենց ընտրությամբ գնացել են այլ բուհեր և համապատասխան մասնագիտացմամբ շարունակում են իրենց ուսումը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Մենեջմենթի համալսարանի ռեկտոր Ռուբեն Առուշանյանը:

Ներկայումս Հայաստանում շարունակվող պետական հավատարմագրման փուլն անցել են 48 ոչ պետական բուհեր: