Քննություն ընդունողից` հանձնող. դպրոցի տնօրենները քննություններ են հանձնում` հաստատելու, որ իրենք կարող են կատարել այդ աշխատանքը

Անցյալ շաբաթվա վերջին մեկնարկած դպրոցի ղեկավարման հավաստագիր ստանալու համար անցկացվող քննությունները միտված են բարելավելու հանրակրթության ոլորտը Հայաստանում:


Անցած ուրբաթ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար քննությանը մասնակցող 24 հավակնորդից 9-ը չեն կարողացել պատասխանել գրավոր թեստի 60 հարցերից 54-ին:

Գործընթացն անցկացվում է երկու փուլով` գրավոր` թեստային, և բանավոր քննություններ: Գրավոր հարցաշարը բաղկացած է Սահմանադրությանը, աշխատանքային օրենսգրքին, «Կրթության մասին» և «Երեխայի իրավունքների մասին» օրենքներին առնչվող 800 հարցից: Գրավոր քննությունից 90 և ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդները մասնակցելու են քննության բանավոր փուլին:

Տնօրենների վերապատրաստման գործը ստանձնած «Կրթություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Ռուզաննա Մուրադյանի խոսքով` քննությունը կօգնի դպրոցի տնօրեններին ավելի լավ իմանալու օրենսդրական դաշտը, որում աշխատում են, ու ավելի արդյունավետ կդարձնի դպրոցի կառավարման գործընթացը:

«Ինչ խոսք, 800 հարցը բավական մեծ ծավալ է, սակայն պատրաստվելու դեպքում դա հաղթահարելի է: Օրինակ` ուրբաթ օրվա քննությանը մեր կազմակերպությունում վերապատրաստում անցած տնօրեններից մեկը 100 տոկոսանոց ցուցանիշ ուներ»,- ասում է Մուրադյանը:

Գրավոր և բանավոր քննությունները հաջողությամբ հանձնած և հավաստագիր ստացած հավակնորդները իրավունք են ունենալու 5 տարվա ընթացքում մասնակցել ցանկացած դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին:

«Հավաստիացնում եմ, որ սա այն հիմնական գործիքներից է, որով մենք կփորձենք բարելավել հանրակրթության ոլորտը առաջիկա տարիներին, որովհետև դպրոցների կառավարման խնդիրներն այսօր սերտորեն շաղկապված են կրթության որակի, օրինականության հետ»,- ասել է կրթության նախարար Աշոտյանը` ընդգծելով, որ գործընթացն առաջին անգամ է կազմակերպվում, ու որոշակի շտկումներ դեռ կլինեն:

Ուրբաթ օրվա քննությանը ներկա Ազգային ժողովի կրթության մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը նշում է, որ գոնե այդ օրը ամեն ինչ կետ առ կետ ըստ նախատեսվածի էր անցկացվում` առավելագույնս թափանցիկ:

«Պետք է ասեմ, որ այս գործընթացը դրական է, քանի որ տնօրենները կունենան որոշակի գիտելիքներ իրենց ոլորտի օրենսդրությունից, բայց դա չի բացառում, որ նրանք կունենան նաև բարոյական նորմերին չհամապատասխանող վարվելակերպ»,- ասել է Բախշյանը: