Հայերենը` Վրաստանում. նախարար Աշոտյանն ասում է` վերականգնվել է հայոց լեզվի դասաժամերի քանակը

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ամփոփելով անցյալ շաբաթ Վրաստան կատարած իր այցը, գոհունակություն հայտնեց ձեռք բերված արդյունքներից: Ըստ նախարարի՝ ամենակարևոր ձեռքբերումը Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի քանակի վերականգնումն է:

Երբ անցյալ ուսումնական տարում Վրաստանի հայկական դպրոցներում խիստ կրճատվեցին հայերենի դասաժամերը, Հայաստանում և Վրաստանում շատ հասարակական-քաղաքական գործիչներ կարծիքներ հնչեցրին, թե Վրաստանի իշխանությունների այդ քայլը նպատակ ունի հայաթափելու Վրաստանի հարավարևմտյան մասում գտնվող Ջավախքը (Սամցխե-Ջավախեթի) և խեղելու հայերի ազգային դիմագիծը: Մոտ 120 հազար հայ բնակչություն ունեցող Ջավախքի ակտիվ գործիչները կոչ էին անում Վրաստանի իշխանություններին հայերենը այդ տարածաշրջանում ճանաչել որպես երկրորդ պետական լեզու:

«Հայոց լեզվի դասաժամերը մինչև անցյալ տարի եղել են 7-8 ժամ, անցյալ տարի դարձել են 5 ժամ, այս տարի կվերականգնվի նորից 7-8 ժամը»,- չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ ավելացել են նաև հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասաժամերը:

Նախարարն իր վրացի գործընկեր Դմիտրի Շաշկինի հետ ձեռք բերած մյուս կարևոր պայմանավորվածությունը համարեց հայերեն դասագրքերի և Վրաստանում հայ ուսուցիչների վերապատրաստման խնդիրների կարգավորումը:

«Դասագրքերի մասով մենք պայմանավորվեցինք, որ վրացական կողմն այս տարի մեզ, մինչև հրատարակումը, կուղարկի հայերենով թարգմանված վրաց դասագրքերի տեքստերը, որպեսզի մեր մասնագետները սրբագրման և խմբագրման աշխատանք կատարեն»,- ասաց Աշոտյանը:

Նախարար Աշոտյանն ասաց, թե անցյալ տարի Վրաստանի հայկական դպրոցների մոտ 100 հայ ուսուցիչ վերապատրաստվել է հայկական կողմի ջանքերով:

«Այս տարի ծրագիրը շարունակվելու է, 100-ից ավելի հայ ուսուցիչներ կվերապատրաստվեն Վրաստանում»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ ինքը և իր վրացի գործընկերը կրթական խնդիրների նկատմամբ մասնագիտական մոտեցում են որդեգրել և «չունեն ոչ մի քաղաքական շահարկման ցանկություն»:

«Մենք պայմանավորվեցինք, որ մինչև պատասխան այցելությունն ընկած ժամանակահատվածը, նորից խնդիրներ լինելու դեպքում, օպերատիվ կերպով
կապվել»,- ասաց Աշոտյանը:

Սակայն քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մինասյանը «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում նշում է, որ այս պայմանավորվածությունը քաղաքական որոշում էր և քաղաքական իրադարձության արդյունք:

«Վրաստանի իշխանությունները հասկացան, որ հայոց լեզվի դասաժամերի կրճատումը չի նպաստում վրացերենի իմացությանը, որովհետև մի միջավայրում, որտեղ բնակչության 96-97 տոկոսը էթնիկ հայեր են, արհեստական ձևով երեխաներին իրականում օտար լեզու (վրացերեն) սովորեցնել անհնար է՝ օպտիմալ պայմաններ չստեղծելով՝ նկատի ունեմ կադրային, հոգեբանական, որովհետև հայ երեխաները իրենց օտարացած էին զգում»,- ասում է Մինասյանը:

Ըստ վերլուծաբանի՝ վերջերս Հայաստանի և Վրաստանի միջև հաստատվել են բավականին դրական միջպետական հարաբերություններ, և հայերենի դասաժամերի թվի վերականգնումը նաև արդյունք էր այն բանի, որ Վրաստանի իշխանությունների և քաղաքական էլիտայի մոտ անցել են 2008 թ. օգոստոսյան հնգօրյա պատերազմի հետևանքով առաջացած շոկը և նյարդայնությունը:

Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը դրական է գնահատում Աշոտյանի այցի արդյունքները:

Սակայն այժմ Վրաստանում «անցանկալի անձ» համարվող Թորոսյանն ասում է, որ «խորքային առումով շատ տգեղ բան է տեղի ունեցել», երբ Վրաստանի իշխանությունները նախ կրճատում, ապա վերականգնում են դասաժամերը` ներկայացնելով դա որպես կարևոր ժեստ:

«Ա~յ քեզ մեծահոգություն, կեցցե~ Վրաստանի իշխանությունը, որ որոշել է վերականգնել դասաժամերի քանակը»,- «ԱրմենիաՆաուին» ասել է Թորոսյանը:

«Սա այն բարեկամությունը չէ, որ տարբեր մակարդակներում անընդհատ թմբկահարվում է: Սփյուռքում դասավանդող հայ ուսուցիչներին Հայաստանում են վերապատրաստում, իսկ Վրաստանի հայ ուսուցիչներին` Վրաստանում, սա´ է իրողությունը, ինքներդ գնահատեք»,- հավելել է նա: